Մատչելի հղումներ

Օբաման կարգադրել է վերանայել Եգիպտոսին տրամադրվող օգնությունը


ԱՄՆ-ի օրենքը պահանջում է, որ Սպիտակ տունը դադարեցնի օգնության տրամադրումը բոլոր այն երկրներին, որոնց ղեկավարները պաշտոնանկ են արվում ռազմական հեղաշրջման արդյունքում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է վերանայել Միացյալ Նահանգների կողմից Եգիպտոսին տրամադրվող օգնությունն այն բանից հետո, երբ Եգիպտոսի զինված ուժերը նախօրեին պաշտոնանկ են արել ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված նախագահ Մոհամեդ Մորսիին՝ կոչ անելով հնարավորինս արագ վերադառնալ կառավարման ժողովրդավարական եղանակին:

Նախագահ Օբաման գրավոր հաղորդագրության մեջ խորը մտահոգություն է արտահայտել Եգիպտոսի զինված ուժերի կողմից նախագահ Մորսիին պաշտոնանկ անելու և երկրում սահմանադրության գործողությունը դադարեցնելու հանգամանքով, սակայն «պետական հեղաշրջում» չի անվանել զինված ուժերի այս քայլը:

Օբաման հորդորել է Եգիպտոսի զինված ուժերին հնարավորինս արագ վերադարձնել իշխանությունը ժողովրդավարական եղանակով ընտրված քաղաքացիական կառավարությանը և զերծ մնալ Մորսիի և իր կողմնակիցների կամայական ձերբակալություններից: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ժողովրդավարական գործընթացներին ու չի սատարում կողմերից որևէ մեկին, և կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից և աշխատել միասին՝ ժողովրդավարությունը վերականգնելու ուղղությամբ:

Այս ընթացքում նախագահ Օբաման կարգադրել է իր վարչակազմին ուսումնասիրել Եգիպտոսի զինված ուժերի կողմից ձեռնարկված քայլերի հետևանքները ԱՄՆ-ի կողմից Կահիրեին տրամադրվող օգնության վրա:

ԱՄՆ-ի օրենքը պահանջում է, որ Սպիտակ տունը դադարեցնի օգնության տրամադրումը բոլոր այն երկրներին, որոնց ղեկավարները պաշտոնանկ են արվում ռազմական հեղաշրջման արդյունքում: Օբաման դիմել է Եգիպտոսին այս տարվա հոկտեմբերից սկսվող ավելի քան 1,5 միլիարդ դոլարի ռազմական և տնտեսական աջակցություն տրամադրելու համար, իսկ Միացյալ Նահանգներն ու Եգիպտոսի զինված ուժերը պատմականորեն մոտ հարաբերություններ են պահպանում:
XS
SM
MD
LG