Մատչելի հղումներ

Օբաման և Նեթանյահուն զգուշացրել են Իրանն ու Ասադին


ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարները համաձայնության են եկել, որ միջուկային զենք ունեցող Իրանը վտանգ կներկայացնի Իսրայելի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել են, թե «միասնական են Իրանում միջուկային զենքի մշակում թույլ չտալու իրենց վճռականության մեջ»:

Մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ երկու պետությունների առաջնորդները նշել են նաև, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ միջուկային զենք ունեցող Իրանը վտանգ կներկայացնի Իսրայելի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար:

Նախագահ Օբամայի համաձայն Միացյալ Նահանգների և Իսրայելի կառավարությունների կողմից Իրանի միջուկային զենքի մշակմանը տրվող գնահատականները շատ քիչ են տարբերվում: Նա ասել է, որ այս խնդրին գերադասելի է գտնել դիվանագիտական լուծում, որը նաև կունենա առավել երկարատև ազդեցություն՝ հավելելով սակայն, թե «հարգում է Իսրայելի ինքնուրույն գործելու իրավունքը, քանի որ Միացյալ Նահանգները բոլոր տարբերակները հնարավոր է համարում»:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ անցյալում Իրան կողմից դրսևորած վարքագիծը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը «չի կարող նույնիսկ վստահել Իրանի խոստումներին՝ չխոսելով արդեն դրանք ստուգելու մասին»: Նա շեշտել է սակայն, որ աշխարհը պետք է շարունակի «ճշտել», թե արդյոք այս խնդիրը հնարավոր է լուծել դիվանագիտական եղանակով:

Իսրայելի վարչապետն իր կողմից նշել է, որ «լիովին համոզված» է, որ նախագահ Օբաման վճռական է Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց հետ կանգնեցնելու հարցում և հասկանում է Իսրայելի դիրքորոշումը: Նա ասել է նաև, որ Իրանը, ուրանի հարստացման գործընթացում «անվտանգության գոտուն» հասնելու դեպքում, գործողություններ ձեռնարկելու շատ քիչ ժամանակ կթողնի: Իրանի իշխանությունները սակայն պնդում են, որ երկրում իրականացվող միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում:

ԱՄՆ-ի նախագահն ու Իսրայելի վարչապետը բանակցությունների ընթացքում քննարկել են նաև Սիրիայում շարունակվող քաղաքացիական արյունալի պատերազմը, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումներին քիմիական զենքի փոխանցման կամ վերջիններիս կողմից այն օգտագործելու հնարավորությունը: Նախագահ Օբաման ասել է, որ նման իրադարձությունը «մեծ փոփոխություններ կառաջացներ» իրավիճակում՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ը, գործընկերների հետ միասին, աշխատանքներ են իրականացնում՝ փաստացի տվյալներ ձեռք բերելու և ուսումնասիրելու ուղղությամբ:

Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդներն ասել են նաև, որ պատրաստ են վերսկսել Իսրայելի և պաղեստինցիների միջև փակուղի մտած՝ «երկու պետություն» լուծմանն ուղղված բանակցությունները:

Նախագահ Օբաման նշել է, որ իր նպատակն է երաշխավորել, որ Միացյալ Նահանգները խաղաղություն հաստատող դրական ուժ են մնում:

Վարչապետ Նեթանյահուն խոսել է պաղեստինցիների հետ հարաբերություններում «նոր էջ բացելու» մասին:

«Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Եկեք կողքի դնենք բոլոր նախապայմանները: Եկեք աշխատենք՝ հասնելու համար պատմական փոխզիջման, որը մեկ անգամ և ընդմիշտ վերջ կդնի մեր միջև առկա հակամարտությանը»:

Նախագահ Օբաման հինգշաբթի օրը Հորդանանի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքում հանդիպում կանցկացնի պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ:
XS
SM
MD
LG