Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման Ուկրաինային ռազմական նոր օգնության տրամադրման մասին է հայտնել


«Միացյալ Նահանգները ստանձնել են Ուկրաինայի ժողովրդին սատարելու հանձնառությունը ոչ միայն գալիք շաբաթների, այլև գալիք տարիների ընթացքում», - լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է նախագահ Օբաման

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենոկոյի հետ անցկացված հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ուկրաինային կտրամադրվի ռազմական նոր օգնություն՝ հինգ միլիոն դոլարի ծավալով:

ԱՄՆ-ի Սպիտակ տան փոխանցմամբ՝ Ուկրաինային նոր օգնության փաթեթը ներառում է զրահաբաճկոնների, գիշերային տեսողության սարքերի և կապի միջոցները առաքում:

Սպիտակ տան համաձայն, Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայում անվտանգության ամրապնդմանն ուղղված օգնության ընդհանուր ծավալն այս տարվա մարտ ամսից հասել է արդեն 23 միլիոն դոլարի:

«Միացյալ Նահանգները ստանձնել են Ուկրաինայի ժողովրդին սատարելու հանձնառությունը ոչ միայն գալիք շաբաթների, այլև գալիք տարիների ընթացքում», - Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ հանդիպելուց հետո լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է նախագահ Օբաման:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին, որն ասել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է շաբաթ օրը Պորոշենկոյի կայանալիք երդմնակալությունը:

«Նա հաղթանակ է տարել բոլոր տարածաշրջաններում և ըստ էության ստացել է երկիրը նոր ժամանակաշրջան դուրս բերելու մանդատը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների ժողովրդին Ուկրաինայում ժողովրդավարությունն ու ազատությունը սատարելու համար:
XS
SM
MD
LG