Մատչելի հղումներ

Օբաման շնորհավորել է Մերքելին


Նախագահ Օբաման և կանցլեր Մերքելը համաձայնության են եկել շարունակելու իրենց սերտ համագործակցությունը տարածաշրջանային և համաշխարհային նշանակության կարևորագույն խնդիրների շուրջ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին և շնորհավորել սեպտեմբերի 22-ին Քրիստոնեադեմոկրատական միության հաղթանակի կապակցությամբ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման բարձր է գնահատել կանցլեր Մերքելի բարեկամությունը և գործընկերությունը, ինչպես նաև անդրանտլանտյան հարաբերություններին տրամադրվող հաստատակամ աջակցությունը:

«Նախագահ Օբաման և կանցլեր Մերքելը համաձայնության են եկել շարունակելու իրենց սերտ համագործակցությունը տարածաշրջանային և համաշխարհային նշանակության կարևորագույն խնդիրների շուրջ», - ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Գերմանիայի կանցլեր Մերքելին երկրի Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միության հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգյսանը:

«Քրիստոնեադեմոկրատների՝ թվով երրորդ անընդմեջ հաղթանակը միանգամայն սպասելի էր. Ձեր իմաստուն ղեկավարությամբ Գերմանիան համաշխարհային մարտահրավերների այս դժվարին շրջափուլում ոչ միայն չընկրկեց ու շարունակեց վերելք ապրել, այլև օգնության ձեռք մեկնեց հարևան և բարեկամ մի շարք պետությունների՝ առավել բարձրացնելով իր հեղինակությունն ու վարկը միջազգային ասպարեզում», - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է Սարգսյանը:

«Համոզված եմ, որ Դաշնային կառավարությունը Ձեր գլխավորությամբ կշարունակի հանձնառու լինել փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացմանը, ինչում Հայաստանը խորապես շահագրգիռ է», - ասված է Գերմանիայի կանցլերին ուղղված Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
XS
SM
MD
LG