Մատչելի հղումներ

 
Նախագահ Օբաման ընտրությունների ընթացքին կհետևի Չիկագոյից

Նախագահ Օբաման ընտրությունների ընթացքին կհետևի Չիկագոյից


Սպասվում է, որ նախագահական ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո նախագահ Օբաման հանդես կգա իր կողմնակիցներին ուղղված ուղերձով

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքից կհետևի 2012 թվականի նախագահական ընտրությունների ընթացքին:

Ընտրարշավի վերջին օրը նախագահ Օբաման անցկացրել է Վիսկոնսին, Օհայո և ապա՝ Այովա «տատանվող» նահանգներում: Այովա նահանգի Դեմոյն քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահը հորդորել է ընտրողներին օգնել իրեն ավարտի հասցնել այն, ինչ մեկնարկել է նույն քաղաքում չորս տարի առաջ, երբ ինքը հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում:

«Վաշինտոն Փոստ»-ի ու «Էյ-Բի-Սի»-ի, ինչպես նաև «Ռոյթերս»-ի ու «ԻՓՍՈՍ» հետազոտական կազմակերպության կողմից անցկացված հարցումները վկայում են այն մասին, որ Օբաման ունի երկուսից երեք տոկոսի առավելություն Ռոմնիի նկատմամբ, իսկ «Գելափ»-ի հարցման արդյունքում առաջընթաց է գրանցել Միթ Ռոմնին: Բոլոր հարցումների արդյունքները սակայն չեն գերազանցել վիճակագրական անճշտության չափի սահմանները:

Օբամայի նախընտրական շտաբի պաշտոնյաներն այնուամենայնիվ պնդում են, որ վաղօրոք անցկացված քվեարկության արդյունքները վկայում են իրենց թեկնածուի առավելության մասին: Ռոմնիի նախընտրական շտաբն իր հերթին որպես իրենց թեկնածուի առավելության մասին վկայություն է ներկայացնում «տատանվող» նահանգներում անցկացված ներքին հարցումները:

Նախագահ Օբամայի նախընտրական շտաբը հայտնել է, որ ընտրությունների օրվա որոշ մասը նախագահը կանցկացնի՝ խաղալով բասկետբոլ ընկերների, խորհրդականների և ընտրարշավի պաշտոնյաների հետ: Օբամայի ընտանիքն այնուհետև ճաշկերույթ կանցկացնի Չիկագոյի «Հայդ Փարք» անվանումը կրող թաղամասում գտնվող իրենց տանը:

Նախագահի ընտանիքն ավելի ուշ կժամանի Չիկագոյի «ՄըքՔորմիք Փլեյս» հանդիպումների հսկա դահլիճ, որտեղ նրանց կմիանա փոխնախագահ Ջո Բայդենն իր ընտանիքի հետ, ինչպես նաև բազմաթիվ աջակիցներ:

Սպասվում է, որ նախագահական ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո նախագահ Օբաման հանդես կգա իր կողմնակիցներին ուղղված ուղերձով:
XS
SM
MD
LG