Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման մեկնարկել է Աֆրիկայի պետություններ կատարվող այցը


Այցի ընթացքում հիմնական շեշտը կդրվի առևտրի, ներդրումների և պարենային անվտանգության հարցերի վրա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը մեկնարկել է Աֆրիկայի պետություններ կատարվող շրջագայությունը, որի ընթացքում հիմնական շեշտը կդրվի առևտրի, ներդրումների և պարենային անվտանգության հարցերի վրա:

Նախագահ Օբաման շրջագայության սկզբում կայցելի Սենեգալ, որտեղ հինգշաբթի օրը կհանդիպի այդ երկրի նախագահին և տարածաշրջանի դատական իշխանության ներկայացուցիչների հետ կմասնակցի օրենքի գերակայության վերաբերյալ քննարկման:

Սենեգալից հետո Միացյալ Նահանգների նախագահը կուղևորվի Հարավային Աֆրիկա: Այս երկրում նախագահ Օբաման կայցելի «Ռոբեն Այլենդ» կալանավայրը, որտեղ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան ազատազրկման մեջ անցկացրել էր գրեթե երկու տասնամյակ:

Հարավային Աֆրիկայի պաշտոնյաների համաձայն, Օբամայի այցը կկայանա՝ չնայած 94-ամյա Մանդելայի վատառողջ լինելուն:

Միացյալ Նահանգներ վերադառնալուց առաջ նախագահ Օբաման կայցելի Տանզանիա:

ԱՄՆ-ի նախագահի աֆրիկյան շրջագայությանն ընդառաջ առևտրի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանն ասել է, թե Աֆրիկայում հնարավոր է հասնել աղքատության զգալի նվազեցման՝ հաշվի առնելով մայրցամաքում ՁԻԱՀ-ի համաճարակի և կաշառակերության ծավալների նվազեցումը:

Ֆրոմանն ավելացրել է սակայն, որ Աֆրիկայի պետություններում գրանցվող առաջընթացն այնուամենայնիվ փխրուն է:
XS
SM
MD
LG