Մատչելի հղումներ

Օբաման և Էրդողանը ցանկանում են, որ Ասադը հեռանա


Օբաման և Էրդողանը շեշտել են Ասադի վարչակարգի նկատմամբ ճնշումը պահպանելու և միաժամանակ Սիրիայի ընդդիմությանն օժանդակելու անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել են, որ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ցանկանում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռանա՝ քաղաքական անցման համար ճանապարհ հարթելու համար:

Երկկողմանի բանակցություններից հետո անցկացված ասուլիսի ընթացքում երկու պետությունների ղեկավարները մեծ նշանակություն չեն տվել Սիրիայի հարցում իրենց միջև ունեցած տարաձայնություններին՝ շեշտելով Ասադի վարչակարգի նկատմամբ ճնշումը պահպանելու և միաժամանակ Սիրիայի ընդդիմությանն օժանդակելու անհրաժեշտությունը:

Նախագահ Օբաման գովասանքի խոսքեր է ուղղել Էրդողանին՝ «ժողովրդավարական Սիրիա ստեղծելուն ուղղված ջանքերի առաջին գծում լինելու համար», և ասել, որ Թուրքիան գալիք մի քանի շաբաթվա ընթացքում կարևորագույն դեր է ունենալու այս գործում:

«Մենք համաձայն ենք, որ Ասադը պետք է հեռանա: Նա պետք է փոխանցի իշխանությունը ժամանակավոր մարմնին: Սա միակ եղանակն է, որի միջոցով կարող ենք լուծել այս ճգնաժամը: Մենք շարունակելու ենք աշխատել Ասադի բռնապետությունից ազատ Սիրիա ստեղծելու ուղղությամբ, որը կլինի միասնական և կներառի բոլոր ազգային և կրոնական խմբերը, և որը կդառնա կայունության, այլ ոչ թե ծայրահեղության աղբյուր, քանի որ դա բխում է բոլոր ազգերի, մասնավորապես Թուրքիայի, շահերից», - ասել է նախագահ Օբաման:

Թուրքիայի վարչապետն իր հերթին ասել է, որ Սիրիայի հարցի շուրջ Միացյալ Նահանգների և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են՝ շեշտելով, որ անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը և ստեղծել նոր կառավարություն: Էրդողանն ապա ներկայացրել է հիմնական նպատակները, ներառյալ Ասադի հեռացումը, Սիրիան ահաբեկիչների հենակետ դառնալու և քիմիական զենքի կիրառման կանխարգելումը:

Վարչապետ էրդողանը, պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե արդյոք նա ներկայացրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին վկայություններ, ասել է, թե այս մասին տեղեկությունները ներկայացվել են բոլոր պետություններին և Միավորված ազգերի կազմակերպությանը:

Պատասխանելով քիմիական զենքի կիրառման «կարմիր գծի» վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե քիմիական զենքի կիրառումն այն է, ինչ քաղաքակիրթ աշխարհը չի կարող ընդունել:

«Լրացուցիչ ապացույցներ հավաքելու համատեղ աշխատանքն իրականացնելիս ես ցանկանում եմ համոզված լինել, որ միջազգային հանրությանը մենք ներկայացնում ենք այն ամենն, ինչի մասին տեղյակ ենք՝ որպեսզի միջազգային հանրությունն ունենա լրացուցիչ պատճառ և լրացուցիչ մեխանիզմ՝ Ասադի վարչակարգը հնարավորինս ուժգին ճնշման ենթարկելու համար», - ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահն ասել է նաև, որ չի բացառում լրացուցիչ՝ դիվանագիտական, ինչպես նաև ռազմական քայլեր կատարելու տարբերակներ, և նշել է, թե քիմիական զենքը սպառնում է ԱՄՆ-ի, ինչպես նաև Միացյալ Նահանգների դաշնակիցների և բարեկամների անվտանգությանը:

Օբաման և Էրդողանը քննարկել են նաև Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված բանակցությունները: Էրդողանն ասել է, թե նախատեսում է հունիս ամսին այցելել Գազայի գոտի և Հորդանան գետի արևմտյան ափ՝ որպես «պաղեստինցիների միասնականությանը նպաստող» անդրադառնալով կայանալիք իր այցին:

Խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նախագահ Օբաման նշել է, թե երկու պետությունների ղեկավարները համաձայնել են, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումն անթույլատրելի է, քանի որ դա կխթանի սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում:
XS
SM
MD
LG