Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման՝ նախագահական երկրորդ ժամկետի մասին


Նախագահ Օբաման՝ նախագահական երկրորդ ժամկետի մասին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «Սի-Բի-Էս» ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է հիմնական այն կետերը, որոնք տարբերակում են իրեն նախագահական պաշտոնին հավակնող հանրապետական կուսակցության թեկնածուներից:

Հեռուստաընկերությանը կիրակի օրը տված հարցազրույցում նախագահ Օբաման համեմատել է իրեն փոթորկային եղանակին նավարկող նավի նավապետի հեն և ասել, թե չի ակնկալում, որ Ամերիկայի ժողովուրդը գոհունակություն հայտնի Միացյալ Նահանգների տնտեսական վիճակով:

Նախագահ Օբաման ասել է, որ եթե ընտրողները հավատան հանրապետականների կողմից առաջ քաշվող այն գաղափարներին, որոնց համաձայն հարուստները պետք է վճարեն ցածր հարկեր, իսկ երկիրը պետք է ունենա օրենսդրական թույլ կարգավորում, ապա ինքը չի հաղթելու հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում՝ հավելելով սակայն, թե «չի կարծում, որ Ամերիկայի ժողովուրդն այս ուղղությամբ կգնա»:

Փոխարենը նախագահ Օբաման վստահություն է հայտնել, որ ընտրողներն ըստ արժանվույն կգնահատեն երկրորդ «Մեծ դեպրեսիան» և ավտոմոբիլային արդյունաբերության քայքայումը կանխելուն, ինչպես նաև առողջության ապահովագրությունն առավել մատչելի դարձնելուն ուղղված իր ջանքերը:

Հարցազրույցում նախագահ Օբաման հերքել է հանրապետականների քննադատությունը, որի համաձայն իր կողմից իրականացվող քաղաքականությունը դասակարգային պատերազմ է հրահրում և նշել, որ փորձում է վերականգնել այն Ամերիկան, որը նպաստում է միջին դասի առաջացման՝ փոխարենը պահանջելով, որպեսզի հարուստները վճարեն մի փոքր ավելի:

Նախագահական պաշտոնին հավակնող հանրապետական հիմնական թեկնածուներ Միթ Ռոմնին և Նյուտ Գինգիչը նախկինում հայտնել են, թե նախագահ Օբաման ունակ չէ ճգնաժամից դուրս բերելու Միացյալ Նահանգների տնտեսությունը:

XS
SM
MD
LG