Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա. Երկրում խորացել է տնտեսական անհավասարությունը


Ամենշաբաթյա ուղերձում նախագահ Օբաման շեշտել է, որ եկել է «բոլոր մարդկանց հնարավորությունների վերականգնման ժամանակը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգներում խորացել է տնտեսական անհավասարությունը՝ չնայած այն հանգամանքի, որ երկրում վերջին չորս տարվա ընթացքում գրանցվել է տնտեսական աճի և մասնավոր հատվածում ստեղծվել 8 միլիոն աշխատատեղ:

Ամենշաբաթյա ուղերձում նախագահ Օբաման շեշտել է, որ եկել է «բոլոր մարդկանց հնարավորությունների վերականգնման ժամանակը»:

Միացյալ Նահանգների նախագահը հիշեցրել է, որ նման հնարավորությունների ստեղծման վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված իր ծրագիրը բաղկացած է չորս մասից՝ նոր աշխատատեղեր ստեղծելուց, այս աշխատատեղերը համալրելու համար մարդկանց ուսուցում տրամադրելուց, բոլոր երեխաներին համաշխարհային մակարդակի կրթության տրամադրելուց, ինչպես նաև աշխատող բոլոր ամերիկացիներին արժանավայել աշխատավարձով ապահովելուց:

Նախագահ Օբաման ասել է, որ իր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի Կոնգրեսի համագործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ ավելի մեծ թվով ընտանիքների համար հնարավորություններն ընդլայնելու նպատակով կարող է ինքնուրույն քայլեր ձեռնարկել:

Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի չորս անդամներ հորդորել են նախագահ Օբամային սատարել աշխատատեղերի ստեղծման, բժշկության ոլորտում հետազոտությունների իրականացման, աշխատանքի վարձատրության և էներգետիկայի ոլորտին վերաբերող օրինագծերը: Նրանց համաձայն, այս օրինագծերի ընդունման ճանապարհին կանգնած է դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող Սենատը:
XS
SM
MD
LG