ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆեյսբուքի կայքում հրապարակած տեսահոլովակում հանդես է եկել կարբոնային արտանետումները կրճատելու մասին կոչով եւ համապատասխան հայտարարությամբ. «Եղանակային փոփոխությունները այլ սերնդի խնդիրը չե՛ն: Այլևս ո՛չ... Էլեկտրակայանները վնասակար կարբոնային աղտոտման ամենամեծ աղբյուրն են, որոնք նպաստում են եղանակային փոփոխություններին: Սակայն մինչ այժմ օդի աղտոտման չափաբաժնի վերաբերյալ դաշնային սահմանագծեր չկային: Հարկավոր է խորհել այս մասին», - ասում է նախագահը հոլովակում:
Ծրագրի նպատակն է մինչև 2030 թվականը 2005 թվականի մակարդակի համեմատ կրճատել արտանետումները ավելի քան 30 տոկոսով: Հանրապետական Միթչ ՄըքՔոնելը, սակայն, այլ կարծիք ունի. «Մեր ընտրողներն այսօր ավելի շատ մտածում են աշխատատեղերի և տնտեսության մասին», - ասում է նա:
Սենատի հանրապետական ղեկավարը ներկայացնում է ածուխ արդյունահանող Քենթուկի նահանգը և այդ ծրագիրը նա համարում է աշխատատեղերի կրճատման պատճառ: Անցյալ տարի ԱՄՆ-ը որոշել էր կրճատել կարբոնային արտանետումները, մինչ Չինաստանը պարտավորվել էր արգելակել ջերմոցային գազերի արտանետումները. «Ես հատկապես տարակուսած եմ այս գործարքի վերաբերյալ, որը, , չինացիներից 16 տարի ոչինչ չի պահանջելու, մինչդեռ կարբոնային արտանետումների կարգավորումները տագնապ են առաջ բերել իմ նահանգում և այլ նահանգներում՝ երկրով մեկ», - ասում է Միթչ ՄըքՔոնելը:
Սակայն մյուս երկրները, ինչպես օրինակ Մեքսիկան, նույնպես աշխատում են կրճատել արտանետումները: Մեքսիկայի արտգործնախարար Խոսե Անտոնիո Միեդեն մտահոգված է այս հանգամանքով. «Երկիրը պետք է առաջ ընթանա՝ համապատասխանելու միջազգային պարտավորություններին, սակայն, նաև՝ կերտելու նոր աշխատատեղեր, իրականացնելով էներգետիկայի բարեփոխումներ, ապահովելով ավելի մաքուր և ավելի կայուն կենսապայմաններ», ասում է նա:
ՄԱԿ-ի պաշտոնյաները ողջունում են այդ քայլերը: ՄԱԿ-ի եղանակային փոփոխությունների գծով գործադիր քարտուղար Քրիսթինա Ֆիգերեսը հուսադրող է համարում նման մոտեցումը.
Այս տարի ավելի վաղ նախագահ Օբաման արգելակել էր Կանադայից նավթային խողովակաշարի կառուցումը՝ արժանանալով բնական միջավայրի պահապանների ու բազմաթիվ օրենսդիրների գովասանքին: Նոր մաքուր էներգետիկայի ծրագիրը խոստանում է ավելի մեծ հետևանքներ թողնել, իսկ քաղաքական փոթորիկը՝ լինել է՛լ ավելի կատաղի։
Տիգրան Մարտիրոսյան