Մատչելի հղումներ

Օբաման սատար է կանգնել Բայդենին


Հանրապետականները սակայն պնդում են, որ Օբաման պետք է փոխի փոխնախագահին

ԱՄՆ-ի փոխնախագահը դարձել է խիստ քննադատության թիրախն այն բանից հետո, երբ Վիջինիա նահանգի Դենվիլ քաղաքում իր ելույթի ընթացքում, խոսելով ապագայի մասին, ասել է, թե գալիք նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում «նրանք նորից ձեզ կշղթայեն»:

Նախագահ Բարաք Օբաման «չափազանցված և սխալ մեկնաբանված» է անվանել հանրապետականների կողմից Ուոլ-Ստրիթի ապակարգավորման իրականացվող քաղաքականության արդյունքում մարդկանց «շղթայելու մասին» Ջո Բայդենի արտահայտության վերաբերյալ արձագանքները:

Վիրջինիա նահանգում իր ելույթի ընթացքում փոխնախագահ Բայդենը, քննադատելով հանրապետական կուսակցության քաղաքականությունն, ասել է. «Նայե'ք նրանց արժեքներին և նրանց կողմից առաջարկվող բյուջեին: Նախագահ դառնալուց հետո առաջին հարյուր օրվա ընթացքում արդեն Ռոմնին ցանկանում է թույլատրել խոշոր բանկերին սեփական կանոններ հաստատել՝ ազատել Ուոլ-Ստրիթը շղթաներից: Եվ այդ ժամանակ նրանք ձեզ կրկին կշղթայեն»:

Այս արտահայտությունն է՛լ ավելի երկիմաստ է դարձել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունկնդիրների թվում եղել են բազմաթիվ աֆրոամերիկացիներ:

Օբամա-Բայդեն զույգի հանրապետական ընդդիմախոսները «ռասիստական» են անվանել փոխնախագահի արտահայտությունը: Այսպես, 2008 թվականի ընտրություններում Բայդենի հանրապետական մրցակից Սարա Փեյլինը «Ֆոքս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, թե Բարաք Օբաման, ըստ երևույթի, ստիպված կլինի «Բայդիենին Հիլարի Քլինթընով փոխարինելու դիվանագիտական ճանապարհ գտնել»:

Նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռմոնին իր հերթին մեղադրել է Օբամային «տարաձայնություն, ատելություն և զայրույթ» սերմացնող ընտրարշավ անցկացնելու մեջ:

Նախագահ Օբաման սակայն սատար է կանգնել Բայդենին՝ հստակ նշելով, որ մտադրված չէ փոխել քաղաքական իր գործընկերոջը:

«Բայդենը նկատի ուներ միայն մեկ բան. դուք՝ սպառողներդ, ամերիկացիները, կհայտնվեք շատ ավելի վատ վիճակում, եթե մենք չեղյալ հայտարարենք [Ուոլ-ստրիտը] կարգավորող օրենքները, ինչպես առաջարկում է մյուս կողմը», - ասել է նախագահ Օբաման «Փիփլ» պարբերականին տված հարցազրույցում:

Նախագահն ընդգծել է նաև, որ Ջո Բայդենը «բացառիկ փոխնախագահ է, որը չափազանց մտահոգված է միջին եկամուտներ ունեցող ընտանիքների իրավիճակով»:
XS
SM
MD
LG