Մատչելի հղումներ

Օբաման ընտրարշավը շարունակել է Նևադա նահանգում


Հանրապետական փոխնախագահի պաշտոնում առաջադրված Փոլ Ռայանն հանդիպում է ունեցել ընտրողների հետ Վիրիջնիա նահանգում

Նևադա նահանգում ընտրարշավը շարունակող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգների բյուջեում կատարվող կրճատումները մեծ վնաս են հասցնում ուսուցիչներին և աշակերտներին, իսկ հանրապետականների կողմից կառավարական ծախսերի նվազեցումը է՛լ ավելի մեծ վնաս կհասցնեն նրանց:

Այս մասին նախագահ Օբաման ասել է Լաս Վեգասում անցկացված ընտրարշավի ժամանակ: Նրա համաձայն, ուսումնական նոր տարվա սկզբին պետական դպրոցներում ուսուցիչները կվերադառնան չափազանց մեծ թվով աշակերտներ ունեցող դասարաններ:

Օբամայի համաձայն, նման իրավիճակի համար պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականները, ներառյալ որպես հանրապետականների փոխնախագահի թեկնածու վերջերս առաջադրված Փոլ Ռայանը, քանի որ նրանք, ըստ նախագահի, «արգելափակել են նահանգների կողմից ուսուցիչներին աշխատանքից հեռացումը կանխող օրենքի ընդունումը»:

«Հանրապետականների կողմից կրթության ոլորտին ուղղվող գումարների կրճատումն ազնիվ չէ մեր երեխաների և անհեթեթ՝ ապագայի նկատմամբ», - ասել է նախագահ Օբաման:

Վիրիջնիա նահանգում ընտրողների հետ չորեքշաբթի օրը հանդիպում ունեցած հանրապետական փոխնախագահի պաշտոնում առաջադրված Փոլ Ռայանն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է կրթական հզոր համակարգ, որը «վերահսկվում է ծնողներին կողմից» և կենտրոնացած է ունակություններ ձեռք բերելու վրա:

Ընտրողների հետ հանդիպման ընթացքում Ռայանը նշել է նաև այլ քայլերի մասին, որոնք ինքն ու իր գործընկեր, հանրապետականների նախագահական հնարվոր թեկնածու Միթ Ռոմնին նախատեսում են ձեռնարկել՝ ԱՄՆ-ում միջին դասն ուժեղացնելու նպատակով:

Ռայանը նաև մեղադրել է նախագահ Օբամային «Մեդիքեր» համակարգից միլիարդավոր դոլարներ դուրս բերելու մեջ՝ նախագահի կողմից առաջադրված առողջապահական ծրագրի ֆինանսավորման նպատակով:

Հանրապետական կուսակցության անդամները Միթ Ռոմնիին ու Փոլ Ռայանին պաշտոնապես նախագահական և փոխնախագահի թեկնածուներ կնշանակեն գալիք շաբաթ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայանալիք համագումարի ընթացքում:

Վերջին տվյալների համաձայն, Ռոմնիի ընտրարշավի ընթացքում հավաքված գումարների ծավալը զգալիորեն գերազանցել է նախագահ Օբամայի ընտրարշավի անցկացման ժամանակ հավաքված գումարները:
XS
SM
MD
LG