Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման «կարևոր առաջին քայլ» է անվանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը


«Եթե Իրանը գալիք վեց ամիսների ընթացքում ամբողջությամբ չկատարի իր ստանձնած պարտավորությունները, մենք կդադարեցնենք պատժամիջոցների թուլացումը և կավելացնենք ճնշումը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ ներկայացուցիչների և Գերմանիայի միջև կիրակի օրը ձեռք բերված համաձայնությունը զգալի խոչընդոտներ կստեղծի Իրանի միջուկային ծրագրի համար և կխաթարի Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելու ամենահավանական ճանապարհները, ինչի փոխարեն Իրանը կստանա միջազգային պատժամիջոցներից համեստ, սակայն հակադարձելի նվազեցում:

Նախագահ Օբաման ասել է, որ այս համաձայնագրի միջոցով գրեթե տասը տարվա ընթացքում առաջին անգամ կզսպվեն և հետ կմղվեն Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն մասերը, ինչը թույլ կտա ճանապարհ հարթել բանակցությունների հաջորդ փուլի համար:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ընտրությունն այս տարվա սկզբին հնարավորություն է ստեղծել Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների կողմից դիվանագիտական ինտենսիվ ջանքերի գործադրման համար:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ ներկայացվել են Իրանի հետ համաձայնության առաջին փուլի մանրամասները: Հաղորդագրության համաձայն, Իրանը պարտավորվել է դադարեցնել 5 տոկոսից ավելի հարստացված ուրանի արտադրությունը և չեզոքացնել երկրում մինչև 20 տոկոս հարստացված ուրանի առկա պաշարները:

Իրանը, ըստ Սպիտակ տան հաղորդագրության, համաձայնություն է տվել չտեղադրելու ուրանի հարստացման համար նախատեսված որևէ տեսակի լրացուցիչ ցենտրիֆուգներ, ներառյալ միջազգային հանրության մտահոգությունն առաջացնող նորագույն ցենտրիֆուգները: Իրանը, բացի այդ, համաձայնվել է չօգտագործել «Նաթանց» միջուկային գործարանում տեղադրված ցենտրիֆուգների գրեթե կեսը և «Ֆոդրո» միջուկային գործարանում տեղադրված ցենտրիֆուգների երեք չորրորդը: «Նաթանց» և «Ֆոդրո» միջուկային գործարաններում, ըստ համաձայնագրի, օրական կիրականացվեն մանրամասն ստուգայցեր:

Նախագահ Օբաման նշել է նաև, որ Իրանի պարտավորություն է ստանձնել դադարեցնելու Արակում գտնվող՝ պլուտոնիումի արտադրության համար օգտագործվող ռեակտորում տարվող աշխատանքները:

Փոխարենը Իրանը կստանա այն, ինչ համաձայնագրի մեջ նշված է որպես «պատժամիջոցների սահմանափակ, ժամանակավոր, թիրախային և հակադարձելի թուլացում»:

ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ պատժամիջոցների այս չափավոր թուլացումը կախված է Իրանի կողմից ստանձնած պարտավորություններին հետևելուց:

«Եթե Իրանը գալիք վեց ամիսների ընթացքում ամբողջությամբ չկատարի իր ստանձնած պարտավորությունները, մենք կդադարեցնենք պատժամիջոցների թուլացումը և կավելացնենք ճնշումը», - նշել է նախագահ Օբաման, որի համաձայն բանակցությունների հաջորդ փուլն ուղղված կլինի համապարփակ լուծմանը և կներառի «հիմնարար այն հասկացությունը, որ Իրանին, այլ պետությունների նման, պետք է հասանելի լինի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիան»:
XS
SM
MD
LG