Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման. «Բիրմայի ճանապարհը օրինակ է Ասիայի և աշխարհի համար»


ԱՄՆ-ի նախագահը, ասելով, որ ժամանել է՝ բարեկամության ձեռք մեկնելու նպատակով, սակայն զգուշացրել է, որ Բիրման դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու

Բիրմա կատարվող պատմական այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ճանաչել է այս երկրում բարեփոխումների սկիզբը՝ ասելով, որ Միացյալ Նահանգները կսատարի դեպի ժողովրդավարության կայացում, տնտեսական աճ և երկրի ներսում հարաբերությունների բարելավում ուղղված աշխատանքները:

Հանդես գալով Ռանգունի համալսարանում՝ նախագահ Օբաման իր ելույթում հիշեցրել է, որ 2009 թվականին անցկացված իր երդմնակալության արարողության ընթացքում տրված խոստումի համաձայն, ինքը «ձեռք կպարզի» այն կառավարություններին, որոնք նախկինում կառավարումն իրականացնում էին՝ օգտագործելով մարդկանց ահաբեկումը, սակայն պատրաստ են «բացել իրենց բռունցքը»:

Իր ելույթում նախագահ Օբաման անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Բիրմայի միջև երկարամյա հարաբերություններին՝ նշելով, որ այս երկիր կատարվող իր այցը «մարդու արժանապատվության նկատմամբ Ամերիկայի հավատքի արդյունք է», և որ Բիրմայում «տպավորիչ փոփոխություններ են ընթանում»:

ԱՄՆ-ի նախագահը, ասելով, որ ժամանել է՝ բարեկամության ձեռք մեկնելու նպատակով, սակայն զգուշացրել է, որ Բիրման դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու:

Բիրմայի խորհրդարանի շենքում նախագահ Օբաման հանդիպում է ունեցել Բիրմայի նախագահ, նախկին գեներալ Թեյն Սեյնի հետ, որը գլխավորել է բարեփոխումներին ուղղված քայլերը:

«Նախագահ Թեյն Սեյնի հետ կիսել եմ մեր համոզմունքն առ այն, որ իր կողմից ձեռնարկված բարեփոխումների գործընթացն առաջ կտանի իր երկիրը», - ասել է նախագահ Օբաման:

Բիրմայի նախագահը պատասխան խոսքում ասել է, թե երկու պետությունների միջև հարաբերություններում վերջին երկու տասնամյակների ընթացքում եղել են ինչպես հիասթափություններ, այնպես էլ հուսահատության պահեր, սակայն հարաբերություններն այժմ բարելավման ուղու վրա են:

Նախագահ Օբաման այցելել է նաև իրավապաշտպան Աուն Սան Սու Չժիի տունը: Շնորհակալություն հայտնելով իրավապաշտպանին՝ օջախ հրավիրելու համար, նախագահ Օբաման գովասանքի խոսքեր է ուղղել Աուն Սան Սու Չժիի և «հանուն ժողովրդավարության խիզախ մարտիկ» անվանել նրան:

Իրավապաշտպան Աուն Սան Սու Չժիի օջախի այցելության ընթացքում ունեցած իր խոսքում նախագահ Օբաման ասել է նաև, որ Բիրմայի օրինակը «փորձություն է այն բանի, թե արդյոք մի երկիրը կարող է անցում կատարել դեպի առավել լավ ապագա»՝ հավելելով, որ Բիրման կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի այլ պետությունների համար:
XS
SM
MD
LG