ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը պաշտոնապես մեկնարկել է Հավայան կղզիներում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի 21 անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը:
Նախագահ Օբաման պաշտոնապես ողջունել է համաժողովի անդամ պետությունների ղեկավարներին՝ ասելով, որ անելիքները շատ են և իրենց պետություններում մոտ երեք միլիարդ քաղաքացի սպասում է, որ պետությունների ղեկավարներին կհաջողվի ավելացնել արտահանումների ու առևտրի ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր:
ԱՄՆ-ի նախագահի համաձայն, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովը կկարողանա հասնել այս նպատակներին՝ ստեղծելով «կանաչ աշխատատեղեր» վերականգնվող էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում, ինչպես նաև պարզեցնել առևտրի ոլորտում խոչընդոտներ առաջացնող օրենքները:
Նախագահ Օբաման վստահություն է հայտնել, որ համաժողովի անդամ պետությունների ղեկավարներն այս անգամ ևս կկարողանան առաջընթաց գրանցել՝ հիշեցնելով, որ նախկինում դա իրենց հաջողվել է:
Միացյալ Նահանգների նախագահը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի անդամ ութ այլ պետությունների հետ շաբաթ օրը ստորագրել է հիմնական պայմանագիր, որի ստորագրման միջոցով Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծվել է «Միջխաղաղօվկիանոսյան գործընկերություն» անվանված ազատ առևտրի գոտի:
«Միջխաղաղօվկիանոսյան գործընկերություն» ազատ առևտրի գոտին ձևավորելու մեջ այժմ ընդգրկված են Ավստրալիան, Բրունեյը, Չիլին, Մալայզիան, Նոր Զելանդիան, Պերուն, Սինգապուրը, Միացյալ Նահանգներն ու Վիետնամը:
Կանադան և Ճապոնիան նույնպես հետաքրքրություն են արտահայտել առևտրի այս գոտուն միանալու մեջ, սակայն Չինաստանը քննադատության է ենթարկել «Միջխաղաղօվկիանոսյան գործընկերություն» ազատ առևտրի գոտին՝ «պրոտեկցիոնիզմի մեկ այլ ձև» անվանելով այն: