Մատչելի հղումներ

Օբամայի վարչակազմը Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների շուրջ բացատրագիր կներկայացնի


«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը գալիք մի քանի օրվա ընթացքում կարձագանքի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի կողմից ներկայացված պահանջագրին, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ընթացքում կյանքի ապահովագրության պահանջների նկատմամբ ժամկետը երկարաձգող Կալիֆորնիա նահանգի օրենքը չեղյալ հայտարարելու մասին ԱՄՆ-ի դաշնային իններորդ շրջանի 2012 թվականի որոշման շուրջ ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշման»:

Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության մեջ, որի համաձայն ԱՄՆ-ի Գերագույն դատարանը, որը դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին է դիմել ԱՄՆ-ի վարչակազմին՝ այս հարցի շուրջ վերջինիս դիրքորոշումը ներկայացնելու պահանջով, ուշադրության կարժանացնի ԱՄՆ-ի արդարադատության փոխնախարարի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության ներկայացված պահանջների վերաբերյալ Կալիֆորնիա նահանգի օրենքը սատարող «դատարանի բարեկամներից» մի քանիսի կողմից ներկայացվելիք բացատրագրերը: «Դատարանի բարեկամների» թվում են Կալիֆորնիայի արդարադատության նախարար Քամալա Հերիսը, Նևադա նահանգի արդարադատության նախարար Քեթրին Կորտես Մաստոն, Միչիգան նահանգի արդարադատության նախարար Բիլ Շուեթն ու Ռոդ Այլենդ նահանգի արդարադատության նախարար Փիթեր Քիլմարթինը:

«Հուսով ենք, որ ԱՄՆ-ի արդարադատության փոխնախարարը կպաշտպանի Միացյալ Նահանգների բոլոր քաղաքացիների գույքային իրավունքները և չի փակի դուռը խոցելի որոշ փոքրամասնությունների առջև այն ժամանակ, երբ նրանք վնասները փոխհատուցելու պահանջ են ներկայացնում հանցավոր արարքներից եկամուտ ստացած ապահովագրական ընկերություններին և բանկերին: Ակնկալում ենք, որ արդարադատության նախարարի տեղակալը կերաշխավորի, որ գույքային իրավունքների նկատմամբ առավելություն չի ունենա օտարերկրյա, այս դեպքում՝ Թուրքիայի կառավարության միջամտությունը», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Քեյթ Նահապետյանը, որն արդեն մի քանի տարի աշխատում է այս գործին լուծում գտնելու ուղղությամբ:
XS
SM
MD
LG