Մատչելի հղումներ

Օբաման պաշտոնապես ընդունել է նախագահական թեկնածությունը


Նախագահի համաձայն, իր կողմից որդեգրած քաղաքականությունը նոր թափ կհաղորդի միջին դասին ՝ ի տարբերություն հանրապետականների, որոնց մոտեցումը «օգուտ կտա միայն հարուստ ամերիկացիներին»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հյուսիսային Կարոլինա Շարլոթ քաղաքում անցկացված դեմոկրատական կուսակցության համագումարի վերջին օրը պաշտոնապես ընդունել է կուսակցության կողմից նախագահական թեկնածուի առաջադրումը:

Նախագահ Օբաման համաժողովի ավարտական օրվա ընթացքում հանդես է եկել ուղերձով, որը շատերը գնահատել են որպես մինչ օրս իր նախընտրական արշավի ամենակարևոր ելույթներից մեկը: Ելույթի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը պաշտպանել է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականությունը և իր թեկնածությանը ձայն տալու կոչով է դիմել ամերիկացիներին:

«Իմացիր, Ամերիկա: Մեր խնդիրները կարող են լուծվել: Մենք կարող ենք երես առ երեք կանգնել դժվարությունների հետ: Մեր առաջարկվող ճանապարհը կարող է ավելի դժվար լինել, սակայն այն առավել բարգավաճ վայր է տանում: Ես դիմում եմ ձեզ՝ այս ապագան ընտրելու խնդրանքով», - ասել է նախագահը:

Օբաման նշել է, որ այս տարի իր և Միթ Ռոմնիի թեկնածության միջև ընտրությունը մի ամբողջ սերնդի ընթացքում կատարվելիք ամենահստակն է՝ տնտեսության, հարկման, էներգետիկական քաղաքականության, ինչպես նաև պատերազմի և խաղաղության հարցերում թեկնածուների ունեցած դիրքորոշման պատճառով: Նա ասել է, որ իր կողմից որդեգրած քաղաքականությունը նոր թափ կհաղորդի միջին դասին ՝ ի տարբերություն հանրապետականների, որոնց մոտեցումը «օգուտ կտա միայն հարուստ ամերիկացիներին»:

Ուղերձում նախագահ Օբաման պաշտպանել է նաև արտաքին քաղաքականության ոլորտում իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքը՝ հիշեցնելով, որ այս ժամանակահատվածում ավարտի է հասցվել պատերազմը Իրաքում, ծրագրվել է Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերումն Աֆղանստանից, ինչպես նաև հատուկ ջոկատայինների կողմից ոչնչացվել «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենը:

Ելույթում Միացյալ Նահանգների նախագահը կրկին հորդորել է ամերիկացիներին նախագահական թեկնածուներին աջակցելու հիմքում դնել ոչ թե կուսակցական տարբերությունները, այլև ազգային միասնությունը:

«Եթե հավատում եք այնպիսի պետության, որտեղ բոլորին արդար են վերաբերվում, բոլորն իրենց ջանքն են ներդնում ու բոլորի համար «խաղի կանոնները» նույնն են, ապա այս տարվա նոյեմբեր ամսին կայանալիք ընտրություններում ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը», - եզրափակելով իր ելույթը՝ շեշտել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
XS
SM
MD
LG