Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը հորդորել է Ուկրաինայի իշխանություններին «ականջ դնել ժողովրդի ձայնին»


Ռուսաստանի վարչապետն այս ընթացքում քննադատության է ենթարկել Գերմանիայի իշխանություններին՝ Կիևում շարունակվող բողոքի ցույցերին մասնակցելու համար

Վրաստան մեկօրյա այցով ժամանած ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հանդես գալով մամուլի հետ հանդիպման ընթացքում, անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Վիկտորիա Նուլանդի համաձայն, Ուկրաինայի առաջնորդներն արդեն վաղուց պետ է ականջ դնեին իրենց ժողովրդին ձայնին և վերականգնեին ճանապարհը դեպի եվրաինտեգրում և տնտեսական բարեկեցություն:

«Պետք է հարգել խաղաղ բողոքի իրավունքը: Բռնությունները կամ բռնություններ գործադրելու սպառնալիքներն անթույլատրելի են ժողովրդավարական պետությունում: Նոյեմբերի 30-ին տեղի ունեցած բռնությունների գործադրման մեջ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Արդեն անցել է վեց օր, և որևէ մեկը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը:

«Կրկնում եմ՝ Ուկրաինայի ժողովրդի ձայնին պետք է ականջ դնել», - շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալը Վրաստան կատարված այցի ընթացքում մամուլի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այս ընթացքում քննադատության է ենթարկել Գերմանիայի իշխանություններին՝ Կիևում շարունակվող բողոքի ցույցերին մասնակցելու համար:

Վարչապետ Մեդվեդևը, անդրադառնալով Կիևում եվրաինտեգրման ջատագովների ցույցի Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի այցելությանը, «ներքին գործերին միջամտություն» է գնահատել այն:

ԵԱՀԿ-ի 20-րդ նախարարական համաժողովին մասնակցող Արևմուտքի պաշտոնյաները հորդորել են Ուկրաինայի կառավարությանը հաշվի առնել ցուցարարների մտահոգությունները, ինչին ի պատասխան երկրի վարչապետ Միկոլա Ազարովն ասել է, թե կառավարությունը «պատրաստ է ցուցարարների հետ երկխոսության»:
XS
SM
MD
LG