Մատչելի հղումներ

Վիկտորիա Նուլանդը կայցելի Էստոնիա և Սլովակիա


Փոխարտգործնախարար Նուլանդը Բրյուսելում հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ սեպտեմբեր ամսին դաշինքի կայանալիք գագաթաժողովին նախապատրաստվելու շրջանակներում

Միացյալ Նահանգների արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը մեկնարկել է Եվրոպա կատարվող շրջագայությունը, որի ընթացքում նա կայցելի Եվրոպայի հինգ պետություն, այդ թվում՝ Էստոնիան և Սլովակիան:

Փոխարտգործնախարար Նուլանդը նախ կայցելի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ սեպտեմբեր ամսին դաշինքի կայանալիք գագաթաժողովին նախապատրաստվելու շրջանակներում:

Բրյուսելից հետո արտգործնախարարի տեղակալ Նուլանդը կայցելի Լյուքսեմբուրգ, որտեղ երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկվեն երկկողմանի և տարածաշրջանային խնդիրները:

ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Նուլանդը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին կժամանի մայիսի 13-ին: Այցի ընթացքում երկրի կառավարության հետ քննարկվելու են մի շարք համաշխարհային նշանակություն հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ի և Էստոնիայի միջև համագործակցության հեռանկարները:

Նուլանդը, բացի այդ, հանդիպումներ կունենա Էստոնիայի խորհրդարանի պատգամավորների հետ՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկման համար:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մայիսի 14-ին Վիկտորի Նուլանդը կմասնակցի այս երկրի կառավարության կողմից կազմակերպվող «GLOBSEC» համաժողովին, որը նվիրված է անվտանգության խնդիրների քննարկման: Այստեղ ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը երկկողմանի հանդիպումներ կունենա Սլովակիայի կառավարության և տարածաշրջանի այլ պետությունների կառավարությունների հետ, որոնք նույնպես կմասնակցեն համաժողովի աշխատանքներին:

Սլովակիայից հետո փոխարտգործնախարար Նուլանդը կմեկնի Լոնդոն, որտեղ հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի կառավարության հետ: Այս այցի ընթացքում կքննարկվի երկկողմանի և գլոբալ խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաև նախապատրաստությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
XS
SM
MD
LG