Մատչելի հղումներ

Նորվեգացի զինյալի համաձայն, ինքը գործել է միայնակ


Նորվեգացի զինյալի համաձայն, ինքը գործել է միայնակ

Նորվեգիայում մեկ օրվա ընթացքում երկու հարձակում իրականացրած զինյալը ոստիկանությանը հայտնել է, թե գործել է միայնակ:

Երկրի ազգային ոստիկանության պետի պաշտոնակատար Սվայնունգ Սպոնհայմը կիրակի օրը հայտնել է, որ ուրբաթ օրն իրականացված պայթյունից և հրաձգությունից հետո Նորվեգիայի հակաահաբեկչական ոստիկանության կողմից Օսլոյի արևելքում իրականացված խուզարկման արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ:

«Նա ասում է, թե գործել է միայնակ, սակայն պետք է համոզվենք, որ այս վարկածը ճիշտ է», - ասել է Սպոնհայմը:

Որոշ ականատեսներ հայտնել են այն մասին, թե մեկից ավելի զինյալ են տեսել:

Հիշեցնենք, որ մայրաքաղաք Օսլոյի պետական շենքերից մեկում իրականացված պայթյունին զոհ է գնացել 7 մարդ, իսկ պատանեկան ճամբարներից մեկում, ուր հանգստանում էր մի քանի հարյուր պատանի, հրազենային հարձակման արդյունքում զոհվել է 85 մարդ։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կասկածյալը 32-ամյա նորվեգացի Անդերս Բեհրինգ Բրեյվիկն է, որն ըստ ոստիկանության, արմատական քրիստոնյա է ու քաղաքական աջ հայացքներով անձնավորություն։ Նա ինտերնետով վերջերս տարածել է հակամահմեդական կոչեր ու հանդես եկել Նորվեգիան բազմամշակույթ պետության վերածելու մոլի հակառակորդ։

Ձերբակալվածը հարձակման ժամանակ կրել է ոստիկանի համազգեստ։

Նորվեգիայի վարչապետ Յենս Շտոլտենբերգն այս հարձակումներն անվանել է ամենամահաբերը Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր։

Բրեյվիկն անցյալում եղել է Նորվեգիայում ներգաղթի հարցի շուրջ կոշտ դիրք զբաղեցնող Առաջընթացի կուսակցության անդամ, որը երկրի խորհրդարանում ամենամեծ երկրորդ կուսակցությունն է:

Կուսակցության առաջնորդ Սիվ Յենսոնը «Ամերիկիայի Ձայն»-ին հայտնել է, թե հարձակումը քաղաքական դրդապատճառներ չէր ունեցել:

«Այն որևէ կապ չունի աջ թևի քաղաքականության հետ: Այս անձը նողկանք առաջացնող ահաբեկչական հարձակում իրականացրած ծայրահեղական է, և մենք բոլորի պես քննադատում ենք այն», - ասել է Յենսոնը:

XS
SM
MD
LG