Մատչելի հղումներ

«Հյուսիսային Կորեայի առաջնորդը ահաբեկման արշավ է իրականացնում»


Փխենյանը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է երկրի ամենահզոր երկրորդ քաղաքական գործչին

Հարավային Կորեան մեղադրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ունին «ահաբեկման արշավ» իրականացնելու մեջ այն բանից հետ, երբ Փխենյանը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է երկրի ամենահզոր երկրորդ քաղաքական գործչին:

Հարավային Կորեայի նախագահ Փաք Քին Հեն երկրի նախարարների խորհրդի երեքշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում ասել է, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդի ազգական Ջանգ Սոնգ-Թեքի պաշտոնից հեռացմամբ մեկնարկել է լայնածավալ «զտում», որը կարող է վնաս հասցնել Սեուլի և Փխենյանի միջև հարաբերություններին:

Նախագահ Փաք Քին Հենի համաձայն, նման գործողություններն ուղղված են իշխանությունը Հյուսիսային Կորեայի նախագահի ձեռքերում կենտրոնացնելուն:

Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը տեղեկացրել է, թե երկրի առաջնորդի ազգական Ջանգ Սոնգ-Թեքը հեռացվել է իր բոլոր պաշտոններից և վտարվել կուսակցությունից: Գործակալության հաղորդագրության մեջ նշված է, որ վերջինս մեղադրվում է քրեական հանցագործությունների, այդ թվում՝ կաշառակերության, կնամոլության և թմրանյութերի օգտագործման մեջ:

Ջանգ Սոնգ-Թեքը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ունի հորաքրոջ՝ Քիմ Քյոնգ Հյուի ամուսինն է: Դեռևս պարզ չէ , թե արդյոք Հյուսիսային Կորեայի ամենահզոր երկրորդ մարդուն պաշտոնական մեղադրանքներ կներկայացվեն:

Անցյալ շաբաթ Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը տեղեկացրել էր, որ Ջանգ Սոնգ-Թեքի երկու օգնականները ենթարկվել էին հրապարակավ մահապատժի:
XS
SM
MD
LG