Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ի ուղղությամբ միջուկային կանխարգելիչ հարված հասցնել


Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին Հարավային Կորեայում անցկացվող զորավարժությունների միջոցով միջուկային պատերազմին նախապատրաստվելու մեջ

Հյուսիսային Կորեան հինգշաբթի օրը սպառնացել է «կանխարգելիչ միջուկային հարված» հասցնել Միացյալ Նահանգների ուղղությամբ՝ այսպիսով բարձրացնելով իր սպառանալիքների հռետորաբանության մակարդակը:

Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին Հարավային Կորեայում անցկացվող զորավարժությունների միջոցով միջուկային պատերազմին նախապատրաստվելու մեջ և չեղյալ է հայտարարել Վաշինգտոնի հետ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը վերջ էր տվել 1950-ից 1953 թվականները տևած Կորեական պատերազմին:

«Քանի որ Միացյալ Նահանգները մոտ են միջուկային պատերազմ հրահրելուն, մենք կօգտագործենք ագրեսորի հրամանատարական հենակետերի ուղղությամբ միջուկային կանխարգելիչ հարված հասցնելու մեր իրավունքը՝ մեր գերակա շահերի պաշտպանության նպատակով», - ասված է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարությունում, որը տարածվել է երկրի լրատվական գործակալության կողմից:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարությունում ասված է նաև, որ, քանի որ այն չեղյալ է հայտարարել զինադադարը, երկիրն իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողությունների դիմել մարտի 11-ից՝ այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կանցնեն ակտիվ փուլի:

Սատարելով վերջին սպառնալիքները՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ռազմական մեծածավալ շքերթ են անցկացրել մայրաքաղաք Փխենյանում: Բացի այդ, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայում անցկացվում են մի շարք զորավարժություններ և երկիրը նախապատրաստվում է սովորականից ավելի մեծ ծավալի քաղաքացիական պաշտպանության համընդհանուր վարժանքների:

Հարավային Կորեայի պաշտոնական աղբյուրների համաձայն, Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները, որոնք ամենամյա համատեղ զորավարժություններ են անցկացնում մինչև ապրիլ ամսվա վերջ, ուշադիր հետևում են Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող գործողությունների, և արդյոք դրանք զորավարժություններից կվերածվեն իրական հարձակումների:
XS
SM
MD
LG