Մատչելի հղումներ

Հյուսիսկորեական հրթիռի արձակումը ձախողվեց


Ճապոնիայի և Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են Հյուսիսային Կորեայի կողմից ուրբաթ վաղ առավոտյան իրականացված՝ երեք աստիճան ունեցող հրթիռի արձակման ձախողման մասին:

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Թանակայի համաձայն, հրթիռը 120 կիլոմետր բարձրության վրա բաժանվել է չորս մասի և ընկել Դեղին ծովը:

«Ստացել ենք որոշակի օբյեկտի արձակման մասին հաղորդագրություն: Օբյեկտը մեկ րոպեից մի փոքր ավել տևողությամբ թռիչք է կատարել, որից հետո ընկել օվկիանոսը: Մեր տարածքում որևէ հետևանքներ չեն գրանցվել», - ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարարը:

ԱՄՆ-ի իշխանությունները նույնպես հաստատել են հյուսիսկորեական հրթիռի անհաջող արձակման մասին լուրերը:

Հիշեցնենք, որ ուրբաթ վաղ առավոտյան Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հյուսիսային Փյոնգան նահանգում տեղակայված «Թոնգչանգ-րի» մեկնարկային հրապարակից իրականացրել են հրթիռի արձակում՝ այսպիսով խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը և անտեսելով Միացյալ Նահանգների և այլ պետությունների կողմից նման գործողության հետևանքների մասին զգուշացումները:

Փխենյանը պնդում է, որ հրթիռի արձակումն իրականացվում է Երկրի ուղեծիր արբանյակ հանելու նպատակով: Վաշինգտոնն ու ասիական իր դաշնակիցներ Հարավային Կորեան և Ճապոնիան մտահոգված են սակայն, որ տիեզերք արբանյակ արձակելու մասին հայտարարություններ անելով՝ Փխենյանն իրականում փորձում է քողարկել բալիստիկ հրթիռի հնարավոր փորձարկումը:

«Մեծ ութնյակը» հինգշաբթի օրը խորհուրդ է տվել Փխենյանին դադարեցնել հրթիռի արձակումը: ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն իր հերթին զգուշացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի խիստ միջոցների կդիմի այն դեպքում, եթե Փխենյանն իրականացնի հրթիռի արձակումը:

«Մեծ ութնյակի» իր գործընկերների հետ հանդիպումից հետո Քլինթընն ասել է, որ Փխենյանը կանգնած է մեկուսացման և միջազգային հանրության հետ հարաբերությունների բարելավման երկընտրանքի առջև:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել է Հյուսիսային Կորեային ականջ դնել միջազգային հանրության կարծիքին և զերծ մնալ հրթիռի արձակման իրականացումից:

Բան Կի-մունն ասել է, որ հրթիռի արձակման դեպքում լարվածությունը տարածաշրջանում է՛լ ավելի է սաստկանալու: Նա նշել է նաև, որ արձակման դեպքում «հստակ խախտվելու է» Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը վերահսկողության տակ վերցնելու նպատակով ընդունված ՄԱԿ-ի բանաձևը:

XS
SM
MD
LG