Մատչելի հղումներ

«Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում է նախապատրաստում». Հարավային Կորեա


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս շաբաթվա վերջ կմեկնարկի իր պաշտոնական այցը Հարավային Կորեա

Հարավային Կորեայի իշխանությունների համաձայն, Հյուսիսային Կորեան նախապատրաստում է անցկացնել ստորգետնյա միջուկային փորձարկում:

Հյուսիսային Կորեան միջուկային զենքի ստորգետնյա նախապատրաստվող փորձարկումը և այլ սադրանքներ, ըստ Հարավային Կորեայի իշխանությունների, նախատեսում է իրականացնել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս շաբաթվա վերջ կմեկնարկի իր պաշտոնական այցը Հարավային Կորեա:

Նախագահ Օբամայի երկօրյա այցը Հարավային Կորեա կմեկնարկի այս ուրբաթ, և նույն օրը Հյուսիսային Կորեայում նշվելու է երկրի բանակի հիմնադրման հերթական տարեդարձը: Վերլուծաբանները սակայն չեն ակնկալում այս օրը որևէ սադրանքներ, քանի որ, նրանց համաձայն, Հյուսիսային Կորեայի զինված ուժերի հրամանատարությունն այդ օրը մասնակցելու է տոնակատարությունների:

Նրանց համաձայն, Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումը կարող է անցկացնել մեկ այլ օր:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակի համաձայն, նախարարությունը շուրջօրյա տագնապ է հայտարարել՝ Հյուսիսային Կորեայի Փինգյե-րի փորձադաշտում գործողությունների աշխուժացում գրանցելուց հետո:

Նա ասել է նաև, որ Հյուսիսային Կորեան կարող է պարզապես կեղծել միջուկային փորձարկման նախապատրաստությունը, ինչպես դա արվել էր անցյալում:

Հյուսիսային Կորեան միջուկային զենքի փորձարկումներ էր իրականացրել 2006, 2009 և 2013 թվականներին՝ անտեսելով միջազգային հանրության կողմից արվող զգուշացումները: Փորձարկումներից բոլորն անցկացվել էին Հյուսիսային Կորեայի արևմուտքում գտնվող Փինգյե-րի փորձադաշտում:
XS
SM
MD
LG