Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկրի առաջնորդի ազգականին


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ունի հորաքրոջ՝ Քիմ Քյոնգ Հյուի ամուսին Ջանգ Սոնգ-Թեքը ժամանակին եղել է Հյուսիսային Կորեայի ամենահզոր երկրորդ մարդը

Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկրի առաջնորդ Քիմ Ջոնգ Ունի հորաքրոջ՝ Քիմ Քյոնգ Հյուի ամուսին Ջանգ Սոնգ-Թեքին, որը ժամանակին եղել է Հյուսիսային Կորեայի ամենահզոր երկրորդ մարդը:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության համաձայն, Ջանգ Սոնգ-Թեքի մահապատիժն իրականացվել է այն բանից հետո, երբ վերջինս դավաճանության մեջ մեղավոր է ճանաչվել ռազմական դատարանի կողմից:

Ըստ հաղորդագրության, դեռևս հայտի չէ Ջանգ Սոնգ-Թեքի տիկնոջ՝ Քիմ Քյոնգ Հյուի ճակատագիրը, որը երկու տարի առաջ իր եղբոր՝ Քիմ Ջոնգ Իլի մահվանից հետո համարվում էր երկրի երիտասարդ առաջնորդ Քիմ Ջոնգ Ունի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող անձը:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հինգշաբթի ուշ երեկոյան տեղեկացրել է, թե չունի Ջանգ Սոնգ-Թեքի մահապատժի իրականացման մասին լուրերը հաստատելու հնարավորություն:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆը սակայն ասել է, թե ԱՄՆ-ի պաշտոնյաները չունեն Ջանգ Սոնգ-Թեքի մահապատժի մասին հաղորդագրությունները կասկածի տակ դնելու որևէ հիմք:

«Հաստատման դեպքում մահապատժի մասին լուրերը ևս մեկ անգամ կապացուցեն Հյուսիսային Կորեայի վարչակարգի չափազանց դաժան բնույթը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
XS
SM
MD
LG