Մատչելի հղումներ

Նոր Զելանդիայի երկրաշարժից բազմաթիվ զոհեր կան


Նոր Զելանդիայի Քրիստչըրչ երկրորդ ամենամեծ քաղաքում աշխատանքային օրվա ընթացքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է առնվազն 65 մարդ։

Երկրաշարժի պատճառով քանդվել են գրասենյակային բարձրահարկ շենքերի վերին հարկերը, ինչի պատճառով փլատակների տակ է մնացել առնվազն 100 մարդ։

Շենքերում սկսված հրդեհները հանգցնելու և այնտեղ գտնվող աշխատողներին փրկելու համար ուղղաթիռներ են օգտագործվել։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քինը հայտնել է, որ երկրաշարժի արդյունքում զոհվածների թիվը կարող է ավելանալ։

Երկրաշարժագետների համաձայն, մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ դարձած այս երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,3 բալ։ Նույն քաղաքում հինգ ամիս առաջ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը, որի պատճառով մարդկային զոհ չի եղել, կազմել էր 7,1 բալ։

Այս երկրաշարժի ուժգնությունը պայմանավորված էր նրանով, որ էպիկենտրոնը գտնվել է ավելի մոտ ինչպես երկրի մակերեսին, այնպես էլ` քաղաքին։

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության, իսկ երկրի մակերեսից ընդամենը չորս կիլոմետր խորության վրա։

XS
SM
MD
LG