Մատչելի հղումներ

Նյու Յորքի բնակիչները մասնակցում են ընտրությունների


Քաղաքում բազմաթիվ են վրանները որպես ընտրատարածք օգտագործելու դեպքերը

Նյու Յորքի բնակիչները պարզ, սակայն ցուրտ երեքշաբթի օրը մասնակցում են նախագահական ընտրություններին՝ իրենց ձանը տալու ներկայիս նախագահ Բարաք Օբամայի կամ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի օգտին:

«Սենդի» փոթորկից հետո ընտրողների հնարավորինս մեծ թվի մասնակցությունն ապահովելու համար հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել: Այսպես, ընտրությունների ընթացքին հետևող՝ երկու կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը էլեկտրական հոսանքի մատակարարման բացակայության կամ փոթորկի հետևանքով առաջ եկած վնասների պատճառով ստիպված է եղել տեղափոխել բազմաթիվ ընտրատարածքներ:

Բնակիչների մասնակցությունն ապահովելու համար ընտրական բազմաթիվ ընտրատարածքներ միացվել են մեկ վայրում: Բազմաթիվ են վրանները որպես ընտրատարածք օգտագործելու դեպքերը: Փոթորկից մեծ վնասներ կրած տարածքներ ուղարկվել են հատուկ ավտոբուսներ՝ ընտրողներին ընտրատարածքներ տեղափոխելու նպատակով:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոնը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գրանցումն անցած, սակայն փոթորկի հետևանքով տարհանված ընտրողները կարող են ընտրություններին մասնակցել ցանկացած ընտրատարածքում:

Ընտրատարածքների բացումից մոտ մեկ ժամ անց մի քանի ընտրատարածքներից հայտնել են այնտեղ գոյացած խնդիրների մասին: Վրանում տեղակայված ընտրատարածքներից մեկը բացվել էր ուշացմամբ՝ էլեկտրականության գեներատորի խափանման պատճառով:

Որոշ ընտրողներ մտահոգություն են հայտնել, որ Նյու Յորքի բնակիչների շրջանում ընտրություններին մասնակցությունը ցածր կլինի՝ «Սենդի» փոթորկով հասցված վնասների ազդեցության պատճառով, ինչպես նաև այն հանգամանքով, որ փոթորկի հետևանքների պատճառով ընտրությունների կարգում տեղ գտած փոփոխությունները կարող են ընտրախախտումների կատարելու հնարավորություն ընձեռել: Այլ, հիմնականում տարեց ընտրողները սակայն բարձր են գնահատել ընտրությունների կարգում տեղ գտած փոփոխությունները:

Նյու Յորք քաղաքի բնակիչներն այսօր ընտրում են ոչ միայն երկրի նախագահին, այլև ԱՄՆ-ի մեկ սենատորի, ինչպես նաև նահանգի և տեղական ինքնակառավարման մարմինների մի քանի պաշտոնյաների:
XS
SM
MD
LG