Հարավային Կալիֆորնիայում՝ Լոս Անջելեսից 60 կիլոմետր հեռավորության վրա Քլեյրմոնթի Լինքոլն համալսարանը աշխարհի առաջին միջկրոնական համալսարանի անվանում է ստացել, որտեղ մագիստրատուրայի ծրագրում ուսանում են քրիստոնյաներ, մահմեդականներ և հրեաներ, և նրանց բոլորի նպատակը աստվածաբանական կրթության համատեղումն է:
Քլեյրմոնթի Լինքոլն համալսարանը հպարտ է առաջին բազմակրոն ակադեմիական հաստատությունը լինելով՝ նոր մոդել աստվածաբանական կրթության համար:
Նոր դպրոցը մագիստրատուրայի ծրագիր է առաջարկում միջկրոնական և մահմեդական առաջնորդության ծրագրով, սակայն նաև համատեղում է երեք հիմնարար հաստատություններ՝ Քլեյրմոնթի աստվածաբանության դպրոցը, Հրեական կրոնի ակադեմիան և Հարավային Կալիֆորնիայի իսլամի կենտրոնը:
Այս հաստատություններից յուրաքանչյուրում սովորող ուսանողը կարող է հաճախել մնացած երկու հաստատությունների դասընթացքները:
Իսլամի դպրոցը դեռ նախնական փուլում է: Հիմնադիրները հուսով են, որ իմամների նախապատրաստման ծրագիրը կբացվի ամռանը:
Քլեյրմոնթի Լինքոլն համալսարանի խորհրդի նախագահ Դեվիդ Լինքոլնը և իր կինը 50 միլիոն դոլար են նվիրաբերել նոր համալսարանի ստեղծմանը:
«Կրոնը խրախուսում է խաղաղություն, այլ ոչ թե միմյանց դեմ պայքար։ Շատ վայրերում եթե կրոնը խրախուսի լուծումների որոնում, ապա խնդիրները կլուծվեն ի շահ բոլորի», - ասում է Լինքոլնը:
Քլեյրմոնթի Աստվածաբանության դպրոցի նախագահ, քահանա Ջերի Քեմփբելի խոսքերով, նոր մոտեցումը ոչ միայն ավելի անվտանգ կդարձնի Ամերիկան, այլև կհզորացնի Ամերիկայի ժողովրդավարությունը:
«Եթե չենք կարող սիրել մեր մերձավորին, ով մեզ նման չէ, ապա ինչպես կարող է մեր երկիրը միասնական լինել», - ասում է Քեմփբելը:
Հարավային Կալիֆորնիայի Իսլամի կենտրոնի կրոնական հարցերով բաժնի տնօրեն Ջիհադ Թուրքի խոսքերով, Քլեյրմոնթի Լինքոլն համալսարանի մոդելից հատկապես կշահեն մահմեդական ամերիկացիները:
«Աշխարհը կտեսնի, որ Միացյալ Նահանգները չի պատերազմում մահմեդական աշխարհի կամ իսլամի հավատքի դեմ, և թե՛ մասնավոր հաստատությունները, թե՛ հանրությունը և կառավարությունն ընդունում է, որ Իսլամը և մահմեդականները խաղաղության կողմնակից են», - ասում է Թուրքը:
Նոր դպրոցի բացմանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը, ով միջկրոնական համագործակցության ջատագով է, ինչպես նաև արմատականության դեմ պայքարող:
«Յուրաքանչյուրը կարող է պնդել, որ խոսում է Աստծո անունից, և քանի դեռ Աստծո նպատակը դեռևս հաստատ հայտնի չէ՝ հիմք ենք ստեղծում արմատականության համար», - ասում է դեսպանը:
Չնայած Քլեյրմոնթի Լինքոլն համալսարանը նոր է, այն հարստացնում է կրոնական ավանդույթները:
Դպրոցը նոր ծրագիր է սկսում՝ Հնդակստանում փոքրամասնություն կազմող կրոնի՝Ջեյնի ուսմունքի միջազգային դպրոց, որը շուտով փոխանակման ծրագրեր և համաժողովներ կունենա:
Քահանա Քեմփբելի խոսքերով՝ Քլեյրմոնթի Լինքոլն համալսարանը նաև բանակցում է Բահայի հավատքի հետ և հույս ունի, որ ավելի շատ կրոններ հնարավոր կլինի ներգրավել: Ըստ նրա՝ նպատակը մարդկանց միավորելն է՝ խրախուսելու համար կրոնը որպես ապաքինման, կարեկցանքի և խաղաղության աղբյուր: