Մատչելի հղումներ

Սիրիայում երկրորդ ճակատ է բացվել


Սիրիայի ապստամբներ. «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների կողմից «Սիրիայի ազատ բանակի» բարձրագույն հրամանատարներից մեկի սպանությունը համարժեք է պատերազմի հայտարարման»

Սիրիայի ապստամբներն ուրբաթ օրը հայտնել են, որ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների կողմից ապստամբների բարձրագույն հրամանատարներից մեկի սպանությունը համարժեք է պատերազմի հայտարարման, ինչի հետևանքով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ուժերի համար բացվում է պատերազմի նոր ճակատ:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվան տակ գործող զինյալների կողմից «Սիրիայի ազատ բանակի» բարձրաստիճան հրամանատար Քամալ Համամիի սպանությունից հետո «Սիրիայի ազատ բանակի» իր անունը բացահայտելուց հրաժարված հրամանատարներից մեկն ասել է, թե իր կազմակերպությունը անպատիժ չի թողնելու այս սպանությունը:

«Սիրիայի ազատ բանակի» և իսլամիստների միջև թշնամանքը վերջին ժամանակներում հետզհետե սաստկացել է: Իսլամիստների ավելի փոքր, սակայն առավել արդյունավետ ուժերը վերահսկում են ապստամբների կողմից գրավված Սիրիայի հյուսիսային տարածքները:

«Սիրիայի ազատ բանակի» գլխավոր հրամանատարության քաղաքական համակարգող Լուայ Մեքդադի համաձայն, Համամիին ու նրա եղբորը անձամբ է գնդակահարել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման «առափնյա տարածաշրջանի էմիր» Աբու Այման ալ-Բաղդադին: Համամիի հետ նույն մեքենայում եղած մարտիկն ազատ էր արձակվել՝ փոխանցելու համար ալ-Բաղդադիի հաղորդագրությունն այն մասին, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»-ը «Սիրիայի ազատ բանակ»-ին հերետիկոս է համարում, և որ այսուհանդերձ «Սիրիայի ազատ բանակ»-ը կլինի «ալ-Քաիդա»-ի թիրախը:

«Եթե այս մարդիկ պաշտպանում են Սիրիայի հեղափոխությունը և չեն օգնում Ասադի վարչակարգին, ապա նրանք պետք է հանձնեն մարդասպաններին», - ասել է «Սիրիայի ազատ բանակի» գլխավոր հրամանատարության քաղաքական համակարգողը՝ հավելելով, որ սպանվածների դիակները դեռևս գտնվում են «ալ-Քաիդա»-ի մասնաճյուղ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման մոտ:
XS
SM
MD
LG