Մոսկվայի դատարաններից մեկը Ռուսաստանի նախկին առաջին փոխնախարար, այժմ ընդդիմության ղեկավար Բորիս Նեմցովին դատապարտել է 15 օրվա բանտարկության՝ ամանորի նախօրեին քաղաքական չարտոնված ցույցի մասնակցելու համար։
Բացի Նեմցովից, Մոսկվայի կենտրոնում ուրբաթ օրը ձերբակալվել է ևս 65 ցուցարար։
Նեմցովն ու այլ ցուցարարներ բանտարկվել են Տրիումֆալնայա հրապարակում թույլատրված ցույցի անցկացման վայրի դիմացի մայթին հավաքվելուց հետո։
«Ինտերֆաքս» գործակալության համաձայն, Նեմցովը հայտնել է, որ դատարանը կիրակի օրը հրաժարվել է որպես վկայություն ընդունել ցույցի այն ձայնագրությունները, որոնք կատարվել են ոստիկանության և հեռուստաընկերությունների կողմից։
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդները բողոքի կանոնավոր ցույցեր են անցկացնում ամսվա 31-րդ օրը՝ նշանավորելով Ռուսաստանի սահմանադրության 31–րդ հոդվածը, որով սահմանվում է հավաքների ազատությունը։