Մատչելի հղումներ

Կյանքից հեռացել է Նելսոն Մանդելան


ԱՄՆ-ի սևամորթ առաջին նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Նելսոն Մանդելայի մահվան մասին լուրերին, ասել է, որ աշխարհը կորցրել է ամենահամարձակ և խորապես բարի մարդկանցից մեկին

Կյանքի 95-րդ տարում վախճանվել է ապարտեիդի դեմ պայքարի ակնառու գործիչ և Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան:

Հարավային Աֆրիկայի ներկայիս նախագահ Ջեյքոբ Զուման, ազգային հեռուստատեսությամբ հայտարարելով Նելսոն Մանդելայի մահը, ասել է, որ երկրի նախկին առաջնորդը խաղաղ է հեռացել կյանքից:

«Մեր երկիրը կորցրել է իր ամենամեծ զավակին» - ասել է նախագահ Զուման՝ հավելելով, որ Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողությունը կկազմակերպվի պետական մակարդակով, երկրում կիջեցվեն պետական դրոշները:

Նելսոն Մանդելան գրեթե երեք տասնամյակ անցկացրել էր բանտում՝ Հարավային Աֆրիկայում սպիտակ փոքրամասնության կողմից սևամորթ բնակչության նկատմամբ պաշտոնական խտրականության քաղաքականությանը վերջ տալու նպատակով պայքար վարելու համար:

Ազատ արձակվելուց հետո Մանդելան դարձել է խաղաղության և ազգային հաշտության խորհրդանիշը, 1993 թվականին նրան շնորհվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակը:

Բանտարկության ընթացքում Մանդելան վարակվել էր թոքախտով, ինչի հետևանքով վերջին յոթ տարվա ընթացքում նա բազմիցս տեղափոխվել էր հիվանդանոց՝ թոքային հիվանդության հետ կապված կրկնվող բարդությունների պատճառով:

ԱՄՆ-ի սևամորթ առաջին նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Նելսոն Մանդելայի մահվան մասին լուրերին, ասել է, որ աշխարհը կորցրել է ամենահամարձակ և խորապես բարի մարդկանցից մեկին:

Նախագահ Օբաման նշել է, որ չի կարող պատկերացնել իր կյանքն առանց Նելսոն Մանդելայի կողմից ցուցաբերված օրինակի:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը «Թվիթեր»-ի իր կայքում ասել է. «Երկրագնդում մի պայծառ լույս է մարել: Նելսոն Մանդելան մեր ժամանակի հերոսն է եղել: Խնդրում եմ իջեցնել դրոշը Դաունինգ Ստրիտ 10-ում»:
XS
SM
MD
LG