Մատչելի հղումներ

Մարդասպանի մայրը ներողություն է խնդրել զոհերի ընտանիքներից


«Զոհերի ընտանիքներին ցանկանում եմ ասել, որ շատ եմ ցավում տեղի ունեցածի համար: Իմ վիշտը չափազանց խորն է»

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած հարձակումն իրականացրած Աարոն Ալեքսիսի մայրը ներողություն է խնդրել զոհվածների ընտանիքներից իր որդու արարքի համար, սակայն չի կարողացել ասել, թե ինչն է եղել նրա գործողությունների դրդապատճառը:

«Չեմք կարող ասել, թե ինչու է ինքը կատարել այս արարքը, և արդեն երբեք չեմ կարողանալու հարցնել նրան այդ մասին: Աարոնն այժմ այնտեղ է, որտեղ այլևս չի կարողանալու որևէ վնաս պատճառել այլ մարդկանց, և դա ինձ ուրախացնում է», - իր ձայնային ուղերձում ասել է Քեթլին Ալեքսիսը:

«Զոհերի ընտանիքներին ցանկանում եմ ասել, որ շատ եմ ցավում տեղի ունեցածի համար: Իմ վիշտը չափազանց խորն է», - ասել է մարդասպանի մայրը:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պահեստային ծառայող Աարոն Ալեքսիսի կողմից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում երկուշաբթի օրն իրականացված հարձակման 12 զոհերից բոլորը, որոնց տարիքը եղել է 46-ից 73 տարեկան, եղել են քաղաքացիական անձինք:

Հարձակվող սպանվել էր ոստիկանության հետ հրաձգության արդյունքում:

Հրաձգության փաստով հարուցված հետաքննության ընթացքում քննիչները փորձում են պատասխան տալ այն հարցին, թե ինչն է եղել 34-ամյա Ալեքսիսին նման արարքի դիմելու դրդապատճառը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելնս այս ընթացքում խոստովանել է, որ Ալեքսիսին ռազմածովային ուժերին պատկանող այս հաստատությունում աշխատանքի թույլտվություն տրամադրելու գործընթացի ժամանակ հայտնաբերվել էին նախազգուշացնող որոշ հանգամանքներ: Թույլտվությունը վերջինիս այնուամենայնիվ տրվել էր՝ չնայած Ալեքսիսի կողմից նախկինում թույլ տված օրինախախտումների և հոգեկան խնդիրներ ունենալու հանգամանքին:

«Ըստ էության, երբ հետադարձ հայացք ենք գցում այս ամենին, անկասկած հայտնաբերում ենք նախազգուշացնող հանգամանքների առկայությունը: Արդյո՞ք մենք պետք է ուշադրություն դարձնեինք դրանց: Ինչու՞ և ինչպե՞ս պետք է ուշադրություն դարձնեինք: Մենք պետք է պատասխան գտնենք այս բոլոր հարցերին», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:
XS
SM
MD
LG