Մատչելի հղումներ

ՆԱՏՕ. «Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառումը միջազգային հանրությանը թույլ կտա դիմել անհապաղ գործողությունների»


Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները լի են դաշինքի հարավ-արևելյան սահմաններին սպառնացող ցանկացած վտանգ հետ մղելու վճռականությամբ»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համաձայն, Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառումը միջազգային հանրությանը թույլ կտա դիմել անհապաղ գործողությունների:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ ասել է, թե քիմիական զենքի կիրառումը «բացարձակապես անթույլատրելի է»:

Այս հայտարարությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Բրյուսելում դաշինքի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանն ընդառաջ, որի ընթացքում կքննարկվի Թուրքիայի կողմից իր տարածքում «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերը տեղակայելու դիմումը:

Իր խոսքում Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է նաև, թե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները պատրաստ են «ցուցաբերել դաշինքի հարավ-արևելյան սահմաններին սպառնացող ցանկացած վտանգ հետ մղելու վճռականություն»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցին Թուրքիա կատարած իր այցի ընթացքում անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցկացված բանակցությունների ընթացքում Պուտինը վերահաստատել է իր դիրքորոշումը Անկարայի կողմից Թուրքիայում «Փեթրիոթ» հրթիռները տեղակայելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին հղված դիմումի շուրջ՝ ասելով, որ դա կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ապակայունացմանը: Նախագահ Պուտինն այնուամենայնիվ շեշտել է, թե ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայում նախօրեին իրականացված բախումների հետևանքով զոհվել է 198 մարդ: Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծության են ենթարկել հյուսիսային Ռաս ալ-Այն քաղաքում գտնվող ապստամբների դիրքերը, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:

Սիրիայի օդուժի կողմից իրականացված այս գործողությունների պատճառով օդ են բարձրացել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ տարածքներում տեղակայված կործանիչները:
XS
SM
MD
LG