Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ


Դաշինքի արտգործնախարարները հորդորել են Ռուսաստանին կատարել անհետաձգելի քայլեր՝ միջազգային իրավունքի հետ համապատասխանությունը վերականգնելու նպատակով

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կայացրել են Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

Ուկրաինայի շուրջ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարները նշել են, որ ՆԱՏՕ-ի քաղաքական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող է շարունակվել «ըստ անհրաժեշտության»:

ՆԱՏՕ-ի պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ ասված է, որ նրանք չեն ճանաչում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի թերակղզու բռնակցմանն ուղղված ջանքերը՝ «անօրինական և օրինական ուժ չունեցող» անվանելով Ռուսաստանի նման գործողությունները:

Դաշինքի արտգործնախարարները, բացի այդ, հորդորել են Ռուսաստանին կատարել անհետաձգելի քայլեր՝ միջազգային իրավունքի հետ համապատասխանությունը վերականգնելու նպատակով:

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները նշել են, որ նրանք հավատարիմ են Ուկրաինայի հետ համագործակցության արագ զարգացման՝ անվտանգությունն ինքնուրույն ապահովելու գործում այս երկրի կարողությունը բարձրացնելու նպատակով:

Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնյաների համաձայն, արտգործնախարարները հանդիպման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել ձեռնարկվելիք մի շարք միջոցառումների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ արևելյան երկրներում՝ Լեհաստանում և բալթյան պետություններում ռազմական օբյեկտների տեղակայման և հզորացման, ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմական պատրաստվածության մակարդակի բարձրացման և ՆԱՏՕ-ի կողմից ճգնաժամերին արձագանքելու ծրագրերի, մարտական պատրաստվածության և զորավարժություններ անցկացման ժամանակացույցի վերանայման շուրջ:
XS
SM
MD
LG