Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պայմանավորվել են «հետևել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»


ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ ունեցած հեռախոսազրույցում անհանգստություն են արտահայտել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություների կապակցությամբ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարն ու Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը, ըստ գեներալ Բրիդլավի մամուլի քարտուղարի, համաձայնվել են ուշադիր հետևել Ուկրաինայում ստեղված իրավիճակի զարգացմանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է, որ հեռախոսազրույցի ընթացքում գեներալներ Գերասիմովն ու Բրիդլավը անհանգստություն են արտահայտել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություների կապակցությամբ:

ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Օանա Լուգնեսկուն իր հերթին, պատասխանելով «Ռոյթերս» գործակալության այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն որևէ ծրագրեր ունի Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական միջամտության դեպքում, ասել է, որ «Ուկրաինայում ճգնաժամը քաղաքական բնույթի է, և այն պետք է կարգավորվի քաղաքական եղանակով»:

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չորեքշաբթի օրը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ:
XS
SM
MD
LG