Մատչելի հղումներ

Բրյուսելում անցկացվում է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը


ԱՄՆ-ի արտգործնախարարը «սառեցված» է որակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպում են անցկացնում Բրյուսելում, որի ընթացքում քննարկվելու են Սիրիայում հակամարտության և Աֆղանստանից դաշինքի ուժերի 2014 թվականին դուրսբերման խնդիրները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, անդրադառնալով Սիրիայի հարցին, ասել է, թե դաշինքը «չի կարող անտեսել այն հնարավորությունը, որ հակամարտությունը կարող է դուրս գալ Սիրիայի սահմաններից, ինչպես նաև նման զարգացումների հետևանքները դաշինքի անվտանգության համար»:

Դաշինքը, բացի այդ, շարունակելու է աշխատել Աֆղանստանին 2014 թվականին ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանի ուժերին աջակցության ցուցաբերման ծրագրերի մշակման ուղղությամբ:

ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների արտգործնախարարների այս հանդիպումը կլինի նման առաջին հանդիպումը, որին մասնակցում է Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին:

ԱՄՆ-ի արտգործնախարարը չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպում կանցկացնի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ Բրյուսելում նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարը «սառեցված» է որակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Դիմելով Եվրահանձնաժողվի նախագահին և Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնին՝ արտգործնախարար Քերին շնորհավորել է Եվրոպական Միությանը և նրա ղեկավարությանը «Սերբիա-Կոսովոյի համաձայնագիրը կայացնելու գործում դիվանագիտական հսկայական ջանքեր գործադրելու համար», ինչը, ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարի, շատ կարևոր է՝ հակամարտության կարգավորման և մարդկանց դեպի ապագա ուղղորդելու առումով»:

«Դեռևս չլուծված են մնում և ժամանակի ընթացքում սառեցվել են որոշ հակամարտություններ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի, Կիպրոսի, մերձավորարևելյան գործընթացը, Հյուսիսային Կորեան, որոնք անցյալ դարի ընթացքում տեղի ունեցած հակամարտությունների արգասիքներ են», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG