Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի առաջնորդը մտավախություն ունի, որ Պուտինը Ղրիմով չի սահմանափակվի


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Արդերս Ֆոգ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Արդերս Ֆոգ Ռասմուսեն

«Ոչ ոք չի ցանկանում հրաժարվել Ռուսաստանի հետ մեր համագործակցությունից: Ոչ ոք նաև չի կարող անտեսել այն փաստը, որ Ռուսաստանը խախտել է այս համագործակցության հիմնարար սկզբունքները: Այդ իսկ պատճառով հնարավոր չէ պահպանել գործերի սովորական ընթացքը»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Արդերս Ֆոգ Ռասմուսենի կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է չսահմանափակվել Ղրիմի բնռակցմամբ, և այս ճգնաժամը պետք է «արթնանալու ազդակ» դառնա եվրոպական պետությունների համար և ստիպի նրանց ավելացնել պաշտպանական ծախսերը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ Ղրիմի բռնակցմանն ուղղված Ռուսաստանի գործողությունները ստեղծել են Սառը պատերազմից հետո Եվրոպայում խաղաղության և կայունության համար ամենամեծ վտանգը:

«Ամենաշատն ինձ անհանգստացնում է այն, որ գործը դրանով կարող է չեզրափակվել», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հանդես գալով Վաշինգտոնում գտնվող «Բրուքինգս» հետազոտական կենտրոնում:

«Ղրիմն օրինակներից մեկն է: Ես սակայն դիտարկում եմ Ղրիմը որպես ավելի մեծ պատկերի մի մաս՝ Ռուսաստանի, կամ, առնվազն, պուտինյան ռազմավարության շրջանակներում: Այդ պատճառով, ըստ էության, մեզ անհանգստացնում է, թե արդյոք Ղրիմին կհետևեն այլ քայլեր», - ասել է Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, առանց հիշատակելու Ռուսաստանը, ընդունել է, որ գոյություն չունեն «գլոբալ կռվարարներին» հակազդելու հեշտ միջոցներ, և խոսել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է ՆԱՏՕ-ն՝ ի պատասխան ճգնաժամին: Դրանցից են՝ բալթյան պետությունների օդային տարածքի պաշտպանության ուժեղացումը և Լեհաստանում և Ռումինիայում հետախուզական թռիչքների իրականացումն են:

«Ոչ ոք չի ցանկանում հրաժարվել Ռուսաստանի հետ մեր համագործակցությունից: Ոչ ոք նաև չի կարող անտեսել այն փաստը, որ Ռուսաստանը խախտել է այս համագործակցության հիմնարար սկզբունքները: Այդ իսկ պատճառով հնարավոր չէ պահպանել գործերի սովորական ընթացքը», - շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
XS
SM
MD
LG