Մատչելի հղումներ

Բրիդլավ. «ԱՄՆ-ը կարող է զորքեր տեղակայել Արևելյան Եվրոպայում»


Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարի հայտարարության համաձայն, Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսատանի ռազմական ներկայությունը չի թուլանում

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ-ի օդուժի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, որը մշակում է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ներկայացվող ռազմական վտանգին ի պատասխան ձեռնարկվող համալիր միջոցառումներ, հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն նման միջոցառումներից մեկը կարող է դառնալ դաշինքի անդամ արևելաեվրոպական այն պետությունների տարածքում ամերիկյան զորքերի տեղակայումը, որոնք կարծում են, որ վտանգի են ենթարկվում:

Գեներալ Բրիդլվի համաձայն, «այս նախագծում նա չի կարող բացառել որևէ երկրի, ներառյալ Միացյալ Նահանգների, մասնակցությունը»:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարներն առաջարկել են Բրիդլավին մինչև ապրիլի 15-ը ներկայացնել միջոցառումների մի փաթեթ, որի նպատակն է՝ վստահեցնել Ռուսաստանի հարևանությամբ գտնվող դաշինքի անդամ պետություններին, որ դաշինքի այլ անդամները պատրաստ են սատարելու նրանց:

«Մենք, փաստորեն, քննարկում ենք ցամաքային, օդային և ծովային համալիր միջոցառումներ, որոնք վստահություն կներշնչեն մեր արևելյան դաշնակիցներին: Ինձ հանձնարարված է այս միջոցառումները ներկայացնել հաջորդ շաբաթ, սակայն ես նախատեսում եմ մշակել դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում», - ասել է գեներալ Բրիդլավը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Բրիդլավը, հանդես գալով Փարիզում անցկացված ՆԱՏՕ-ի համաժողովի փակման արարողության ընթացքում, ասել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում չի թուլանում:

«Մենք տեսնում ենք, որ այստեղ տեղակայված է մոտ 40 հազար զինծառայող: Ռուսաստանն այստեղ ունի օդանավեր և ուղղաթիռներ, հրետանային ստորաբաժանումներ և դաշտային հիվանդանոցներ, կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ», - ասել է Բրիդլավը:

Գեներալ Բրիդլավը միաժամանակ նշել է, որ Կրեմլի նպատակները դեռևս անհասկանալի են մնում, և Ռուսաստանի զորքերը կարող ենք մնալ տեղում և իրենց ներկայությամբ ահաբեկել Ուկրաինան, դրանք կարող են ուղարկվել դեպի հարավ, որպեսզի Ռուսաստանի և Ղրիմի միջև ցամաքային կապ ստեղծվի, ներխուժել Օդեսա կամ Մերձդնեստր կամ գրավել Ուկրաինայի արևելյան այլ շրջաններ:

«Ռուսաստանի զինված ուժերը պատրաստ են առաջ շարժվել՝ նման հրաման ստանալու դեպքում: Մեր գնահատականներով, այդ նպատակով անհրաժեշտ է 12 ժամից ոչ ավել», - ասել է գեներալ Բրիդլավը:
XS
SM
MD
LG