Մատչելի հղումներ

ՆԱՍԱ-ն ցանկանում է վերջ դնել մարդկանց տիեզերք տեղափոխելու Ռուսաստանի մենաշնորհին


ՆԱՍԱ-ն հույս ունի, որ մրցույթի արդյունքներով ստեղծված համակարգը թույլ կտա մինչև 2017 թվականն ազատել Միացյալ Նահանգներին տիեզերագնացների տեղափոխման Ռուսատանի մենաշնորհից

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ ՆԱՍԱ-ն, ցանկանալով նվազեցնել Ռուսաստանից Միջազգային տիեզերակայան տիեզերագնացների տեղափոխման կախվածությունը, հայտարարել է Միջազգային տիեզերակայան տիեզերագնացների տեղափոխության ծառայությունների մատակարարման մրցույթ:

ՆԱՍԱ-ն հույս ունի, որ մրցույթի արդյունքներով ստեղծված համակարգը թույլ կտա մինչև 2017 թվականն ազատել Միացյալ Նահանգներին տիեզերագնացների տեղափոխման Ռուսատանի մենաշնորհից:

Միացյալ Նահանգները 2011 թվականից մնացել է առանց մարդկանց տիեզերք տեղափոխելու սեփական համակարգից այն բանից հետո, երբ դադարեցվել է «Շաթլ» ծրագիրը՝ վերջինիս բարձր ծախսատարության և այդ տեսակի տիեզերանավերի անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով:

ՆԱՍԱ-ն հույս ունի, որ նոր ծրագիրը հնարավորություն կտա լուծելու այս երկու խնդիրների, ինչպես նաև թույլ կտա վերականգնել տիեզերագնացներին ԱՄՆ-ի տարածքից տիեզերք տեղափոխելու հնարավորությունը:

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը ծրագրում է իրականացնել տիեզերագնացների առաջին թռիչքը Միջազգային տիեզերակայան, որը կկատարվի առևտրային հիմունքներով, արդեն 2017 թվականին, որից հետո նախատեսում է տիեզերակայան վեց ամիսը մեկ ուղարկել չորս մարդուց բաղկացած անձնակազմեր:

ՆԱՍԱ-ն պատրաստ է տրամադրել տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան ուղարկելու նախագծերի վերջնական մշակման ֆինանսավորումը, ինչպես նաև օժանդակել տիեզերական տրանսպորտային նոր համակարգի կառուցման, փորձարկման ու սերտիֆիկացման գործում:
XS
SM
MD
LG