Մատչելի հղումներ

Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը


Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը, Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը բանակցությունների ընթացքում նշել է, որ նախարարների մակարդակով հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետևելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին և այս հանդիպումը հնարավորություն է տվել անդրադառնալու քաղաքական, տնտեսական, հումանիտար, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցերին։

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանն իր հերթին ասել է, որ այս հանդիպումը կարևոր է նրանով, որ նվիրված է այս տարվա դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստմանը։

«Սա լավ հնարավորություն է նաև քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը», - ընդգծել է նախարար Նալբանդյանը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի։ Նախարարները քննարկեցին երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:

«Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական համադրումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային հարթակներում համագործակցության հարցերը: Այս համատեքստում նախարար Լավրովը շնորհավորել է Եվրախորհրդում Հայաստանի արդյունավետ նախագահության կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը, որն ուղղված է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, Նալբանդյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել բանակցային գործընթացում Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար, որոնք ուղղված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մեկ ամբողջություն ներկայացնող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։

«Երկուստեք կարևորվել են նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ», - ասված է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման շուրջ հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG