Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հետ


Հայաստանի արտգործնախարար նախարարը դեկտեմբերի 12-ին հանդիպումներ է ունեցել Երևանում կայացած ՍՏՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ

Հայաստանի արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-ին հանդիպումներ է ունեցել Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ։

Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախարարներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետագա գործունեությանը և ծրագրերին:

Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը շնորհավորել է Հայաստանի արտգործնախարարին կազմակերպությունում Հայաստանի նախագահության հաջող ընթացքի և արձանագրած արդյունքների կապակցությամբ։

ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքներին, ՍԾՏՀԿ-ի քարտուղարության աշխատանքներին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պետական այցելության ընթացքում հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել Մաքսային միության Հայաստանի անդամակցության նախապատրաստական աշխատանքներին։

Ըստ հաղորդագրության, Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիայի հանդիպմանը զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև մշտական շփումները, պարբերական խորհրդատվությունների անցկացումը։
XS
SM
MD
LG