Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն


Հայաստանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ՝ կենտրոնանալով հիմնականում Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա։ Արտգործնախարարությունում նրան ընդունեց նաև ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը ու Հայաստանը ունեն տարբեր կապեր, որ դեռևս շատ ու շատ հարցեր էլ կան, որոնց շուրջ ինքը պատրաստ է և ուրախ շարունակել քննարկումները:

Նալբանդյանի խոսքերով, իրենց միջև պարբերաբար անցկացվող հանդիպումներն ապացուցում են կապերը սերտացնելու գործում երկու կողմերի պատրաստակամությունը։ «Համոզված եմ, որ այս հանդիպումը մեկ այլ առիթ է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև բարեկամական մեր համագործակցությունը խորացնելու համար», ասաց Հայաստանի արտգործնախարարը։

Մինչև Քլինթընի հետ հանդիպումը Հայաստանի արտգործնախարարը հանդես եկավ Վաշինգտոնի Բրուքինգզ հաստատությունում՝ անդրադառանալով հիմնականում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի և հայ-թուրքական հարաբերությունների ներկա կացության վրա։

Նա դատապարտեց Ադրբեջանին՝ խնդիրը շարունակ ռազմական ուժով լուծելու սպառնալիքների, հայ զինվոր սպանած ադրբեջանցի զինվորականներին հերոսի կոչումներ տալու, հրադադարը շարունակ խախտելու և խնդրի կարգավորման համար միջազգային կառույցների կողմից ներկայացված առաջարկները մերժելու համար։

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ նախարարը հայտարարեց, թե «Հայաստանը պատրաստ է առաջ գնալ, եթե Թուրքիան համաձայնի գործընթացը շարունակել առանց նախապայմանների։ Եթե Հայաստանը պատրաստ է Հայոց ցեղասպանության հարցը չդարձնել նախապայման, նույն հարցը Թուրքիան չպիտի իր համար ընտրի որպես նախապայման», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչի այն հարցին, թե երբ է հայկական կողմը պատրաստվում «հանձնել միջազգային համայնքի կողմից ճանաչված ադրբեջանական տարածքները և հետ ընդունել ադրբեջանցի հարյուր հազարավոր փախստականների", Նալբանդյանը հիշեցրեց, որ տոկոսային առումով հայերն ավելի մեծ թվով փախստականներ ունեն, որոնք ադրբեջանցի փախստականների հետ, ըստ միջազգային կառույցների կողմից ներկայացված առաջարկների, պիտի նույնպես վերադառանան իրենց տները։ «Ինչ վերաբերում է միջազգային օրենքներին, ապա Ադրբեջանն է, որ չի ընդունում դրանք, այդ թվում՝ Մադրիդյան փաստաթուղթը։ Ադրբեջանն է, որը, անտեսելով միջազգային օրենքներն ու համաձայնագրերը, խախտում է հրադադարը», - հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը։

«Իսկ այն, որ Ադրբեջանը, անտեսելով Ղարաբաղի ապագա կարգավիճակը ժողովրդի կամքի համաձայն որոշելու միջազգային առաջարկները, հայտարարում է, թե Ղարաբաղին պատրաստ է տալ ինքնավարություն, պետք է ասել, որ որևէ մեկը չի սպասում, թե ինչ կուզենա Ադրբեջանը տալ կամ չտալ Ղարաբաղին», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը՝ եզրափակելով, թե «միջազգային համայնքի տեսակետն է, որ այս հարցը պիտի լուծվի ժողովրդի կամոք»։

XS
SM
MD
LG