Սեպտեմբերի 2-ին լրանում է 1991 թվականին բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագրի 20-րդ տարեդարձը:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին Լեռանային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և Լեռնային Ղարաբաղի հռչակման 20-ամյա հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստանից, արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է հոբելյանի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը:
Նույն օրը Հայաստանի նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել ԼՂՀ-ի անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:
Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ «սեփական տանը ազատ ու ապահով ապրելու, իր երեխաներին հարազատ մշակույթի ու եկեղեցու ծոցում մեծացնելու իրավունքը յուրաքանչյուրին տրված է ի վերուստ»:
«Ո՛չ պայքարով ու տառապանքներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետության տասնամյակները չկարողացան և չէին կարող կոտրել մեր վճռականությունը, չկարողացան և չէին կարող նաև խլել մեր իրավունքը», - ասել է Սերժ Սարգսյանը:
«Այն դաժան, տևական ու հրեշավոր պատերազմը, որ մեզ պարտադրվեց, կարող էր հուսահատության հասցնել ում ասես, բայց ո՛չ արցախցուն: Արցախի ինքնապաշտպանական ջոկատներն իրե՛նք հուսահատության հասցրին և խուճապահար փախուստի մատնեցին նրանց, ովքեր մեր գեղատեսիլ ու հարուստ երկրամասը վերածել էին դժոխքի», - ասել է Հայաստանի նախագահը: - «Սպանդ, ավեր ու թալան, էթնիկ զտումներ, խաղաղ բնակչության բնաջնջում` ահա աշխարհի աչքի առաջ ինչով էր զբաղված այն ուժը, որ պաշտոնապես կոչվում էր Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր: Իսկ մեզ համար ելուզակների ու վարձկանների այդ հեղեղը պատմական փորձություն էր, որ մեզ այլընտրանք չէր թողել. կա՛մ մենք փորձության կրակների միջից պետք է դուրս գայինք թրծված, ավելի ամրացած, կա՛մ պետք է դադարեինք լինել: Մենք ընտրեցինք կյանքը, և այսօր մենք տոնում ենք կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ»
Իր շնորհավորանքի խոսքում Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, Արցախը ու Սփյուռքը մեկ ամբողջականություն են: «Մենք բոլորս` հայության բոլոր հատվածներս, միմյանց շարունակությունն ենք: Մենք ամեն ինչ անելու ենք ոչ միայն Արցախի խաղաղության, անվտանգության ամրապնդման, այլև սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման համար»:
Հայաստանի նախագահը նշել է նաև, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է:
«Մենք, ի տարբերություն ոմանց, ճշմարտությունը չենք թաքցնում մեր ժողովրդից և ցանկալին չենք ներկայացնում իրականության փոխարեն: Մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի», - շեշտել է Սարգսյանը:
«Ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում լուծված են լինելու բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, և Արցախ աշխարհն ավելի մեծ շուքով տոնելու է ավելի մեծ հոբելյաններ», - եզրափակելով իր շնորհավորանքի խոսքը՝ նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը սեպտեմբերի 2-ին, արձագանքելով սեպտեմբերի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում արված այն հայտարարության, որի համաձայն «Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի», հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը որոշելու մասին «Հայաստանի զինված ուժերը պետք է լքել օկուպացված տարածքները»:
Ադրբեջանական «Trend» գործակալության փոխանցմամբ, այս հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը, որի համաձայն «դա թույլ կտա անցնել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում աշխատանքների իրականացման»: