Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններ են անցկացվում


Լեռնային Ղարաբաղում հինգշաբթի օրն անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնք հիմնականում կենտրոնացած են ներքին խնդիրների լուծման վրա և քիչ է հավանական, որ ազդեցություն ունենան արդեն երկու տասնամյակ շարունակվող տարածքային վեճի վրա:

Ընտրություններում Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը մրցում է երկու այլ թեկնածուների դեմ: Ըստ «Ասոշիեյթիդ փրես» գործակալության կողմից տարածված հաղորդագրության, բոլոր երեք թեկնածուները կողմ են հանդես գալիս ընդգրկելու Արցախի ներկայացուցիչներին ԵԱՀԿ-ի հովանավորությամբ անցկացվող բանակցություններում, սակայն տարաձայնություններ ունեն տնտեսական զարգացման և կաշառակերության դեմ պայքարի հարցերում:

Ադրբեջանը, ըստ գործակալության, հինգշաբթի օրը դատապարտել է ընտրությունները: Այս երկրի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անվանելով ընտրությունները «Հայաստանի կողմից իրականացվող օկուպացման և անեքսիայի ծրագրերի մասերից մեկը»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան կատարած իրենց այցի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում մասնավորապես նշված է եղել, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու ծրագրի վերաբերյալ կողմերը կրկին վստահեցրել են համանախագահներին այն մասին, որ նրանք բացառում են որևէ սպառնալիք կամ ուժի կիրառում քաղաքացիական ավիացիայի դեմ, խնդիրը քննարկելու են դիվանագիտական քայլերի միջոցով և զերծ են մնում հարցը քաղաքականացնելուց:

«Համանախագահները վերահաստատել են, որ օդանավակայանի գործարկումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման վրա և կոչ են արել կողմերին գործել համաձայն միջազգային օրենքի» - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 10-ից 13-ի ընթացքում Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան կատարած իրենց այցի վերաբերյալ հրապարակված հայտարարությունում:
XS
SM
MD
LG