Մատչելի հղումներ

Նախնական արդյունքներով՝ Լեռնային Ղարաբաղի ներկայիս նախագահը հաղթանակ է տարել ընտրություններում


Ռուսաստանի դիտորդները ընտրությունները ճանաչել են «վավեր, թափանցիկ, օրինական, ազատ, ժողովրդավարական, արդար և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքին լիովին համապատասխանող»

«Լեռնային Ղարաբաղի ներկայիս ղեկավար Բակո Սահակյանը հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 66,7 տոկոսը»:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուրբաթ օրը հայտնել է ընտրությունների նախնական արդյունքների մասին: Ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ, հանձնաժողովը նշել է, որ Սահակյանի օգտին քվեարկել է 47085 ընտրող, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանին իրենց ձայնն է տվել ընտրողների 32,5 տոկոսը` 22966 մարդ:

Ընտրություններին, ըստ գործակալության, մասնակցել է ընտրողների ավելի քան 73 տոկոսը՝ 72833 մարդ:

Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքին հետևել է Ռուսաստանից, Հայաստանից, Միացյալ Նահանգներից և այլ պետություններից ժամանած ավելի քան ավելի քան 60 դիտորդ:

Ռուսաստանի դիտորդների պաշտոնական հաղորդագրության համաձայն, ընտրությունները ճանաչվել են «վավեր, թափանցիկ, օրինական, ազատ, ժողովրդավարական, արդար և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքին լիովին համապատասխանող»:

Վրաստանի արտգործնախարարությունն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն չի ճանաչելու Արցախում կայացած նախագահական ընտրությունները: Ըստ հայտարարության, միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ջանքեր գործադրի՝ «կառուցողական երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար»:

Եվրոպական Միությունը հինգշաբթի օրը հայտնել է Արցախում անցկացվող ընտրությունները չճանաչելու մասին: ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն ասել է, թե «ԵՄ-ը չի ճանաչում ընտրությունների անցկացման սահմանադրական և իրավական շրջանակները»՝ վերահաստատելով Եվրոպական Միության կողմից ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լիարժեք սատարելու մասին՝ մասնավորապես հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված համանախագահների աշխատանքը:
XS
SM
MD
LG