Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան խոստացել է վերսկսել չգործող ռեակտորի աշխատանքը


«Յոնգբյոն» միջուկային համալիր, 27 հունիսի 2008թ.

Որոշ կարծիքների համաձայն, Հյուսիսային Կորեան այժմ ունի միջուկային ութ ռումբ պատրաստելու համար պլուտոնիումի բավարար քանակություն

Հյուսիսային Կորեայի իշխանությունները, Կորեական թերակղզում առանց այն էլ լարված իրավիճակի պայմաններում, հայտարարել են միջուկային չգործող ռեակտորի աշխատանքը վերսկսելու մասին:

«Կորեայի կենտրոնական լրատվական գործակալություն»-ը հաղորդել է, թե Փխենյանը «կարգի կբերի և կվերագործարկի» «Յոնգբյոն» անվանումը կրող միջուկային համալիրը՝ պատրաստելու համար ավելի մեծ թվով միջուկային զենք, ինչպես նաև երկրի տնտեսությանն անհրաժեշտ էլեկտրաէներգիա արտադրելու համար:

Իշխանությունների համաձայն, վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն ուրանի հարստացման գործարանում, ինչպես նաև հինգ մեգավատ հզորություն ունեցող միջուկային ռեակտորում, որի աշխատանքի արդյունքում վառելիքային ձողերի վրա կառաջանա միջուկային զենք պատրաստելու համար պիտանի պլուտոնիում:

«Յոնգբյոն» միջուկային համալիրի ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր 2007 թվականին՝ վեց պետությունների մասնակցությամբ միջուկային զինաթափման մասին բանակցությունների արդյունքում: Այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հյուսիսային Կորեան ապամոնտաժել էր պլուտոնիումի օգտագործմամբ աշխատող ռեակտորը և քանդել սառեցման աշտարակը՝ փոխարենը ստանալով մարդասիրական օգնություն:

Որոշ կարծիքների համաձայն, Հյուսիսային Կորեան այժմ ունի միջուկային ութ ռումբ պատրաստելու համար պլուտոնիումի բավարար քանակություն, իսկ ռեակտորի աշխատանքի վերականգնման համար կպահանջվի ևս մեկ տարի:

Հարավային Կորեայի արտգործնախարարությունն անմիջապես դատապարտել է հյուսիսային իր հարևանի կողմից կայացված որոշումը՝ «խիստ ցավալի» անվանելով այն և հորդորելով Փխենյանին կատարել միջազգային պայմանավորվածությունները:
XS
SM
MD
LG