Մատչելի հղումներ

Մոսուլում զինյալները գրավել են Թուրքիայի հյուպատոսությունը


Իրաքի Մոսուլ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Թուրքիայի հյուպատոսությունը՝ պատանդ վերցնելով Թուրքիայի 48 քաղաքացի

Իրաքի Մոսուլ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Թուրքիայի հյուպատոսությունը՝ պատանդ վերցնելով Թուրքիայի 48 քաղաքացի:

Այս տեղեկությունները հաստատել են Թուրքիայի կառավարական աղբյուրները:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկի փոխանցմամբ, Մոսուլում իսլամիստ զինյալների կողմից պատանդ վերցված Թուրքիայի քաղաքացիների շրջանում է գլխավոր հյուպատոսը, երեք երեխա և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների մի քանի ծառայող:

«Մոսուլում զինյալ որոշ խմբերի հետ անմիջական կապ է հաստատվել՝ համոզվելու համար դիվանագիտական մեր անձնակազմի անվտանգության մեջ», - տեղեկացրել է Թուրքիայի կառավարական աղբյուրներից մեկը:

Վարչապետ Էրդողանը, ըստ հաղորդագրությունների, հրատապ խորհրդակցություն է անցկացրել Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայի և երկրի հետախուզական ծառայության բարձրաստիճան ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից Մոսուլ քաղաքում նախօրեին առևանգվել էր դիզելային վառելանյութ տեղափոխող թուրք 28 վարորդ:
XS
SM
MD
LG