Մատչելի հղումներ

Գիտնականներն աշխատում են մոծակների միջոցով հիվանդությունների տարածումը դադարեցնելու ուղղությամբ


Գիտնականներն աշխատում են մոծակների միջոցով հիվանդությունների տարածումը դադարեցնելու ուղղությամբ
Գիտնականներն աշխատում են մոծակների միջոցով հիվանդությունների տարածումը դադարեցնելու ուղղությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, աշխարհում հիվանդություն տարածող բոլոր միջատների շարքում մոծակներն ամենամեծ սպառնալիքն են:

Մոծակների միջոցով տարածվող երկու վիրուսային հիվանդություններ վերջերս սկսել են տարածվել ծագման աղբյուրից դուրս:

Դրանցից մեկը արևադարձային տենդն է՝ մահացու հիվանդություն, իսկ մյուսը չիկինգունյան է՝ թուլացնող և ցավոտ հիվանդություն, որից մարդիկ հիմնականում վերականգնվում են: Այս հիվանդությունները կանխարգելող պատվաստանյութ չկա: Հետազոտողները աշխատում են արևադարձային տենդի և չիկինգունյայի դեմ պատվաստանյութի մշակման և մոծակների կողմից դրանց տարածման վերահսկողության վրա:

Գիտնականներն ամբողջ աշխարհում մոծակների երեք հազար տեսակ են առանձնացնում: Ասիական «վագր մոծակ» անվանվող մոծակը ցերեկը խայթող մոծակներից է:

Վագր մոծակի խայթոցն լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Այն կարող է տարեկան 20 միլիոն մարդու արևադարձային տենդով վարակել: Այդ հիվանդության արդյունքը կարող է լինել արյունահոսություն պատճառող տենդը և նույնիսկ մահը:

Ըստ Տեխասի համալսարանի բժշկական մասնաճյուղի պրոֆեսոր Սքոթ Ուիվըրի, այս տեսակի մոծակը տարածված է արևադարձային և մերձարևադարձային գրեթե բոլոր շրջաններում:

Ուիվըրը հաստատել է այլ գիտնականների կողմից առաջ քաշված վարկածն այն մասին, որ արևադարձային տենդ տարածող մոծակներն այդ հիվանդությունը տարածել են Հնդկաստանում, հարավ-արևելյան Ասիայում և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում: Այս տարի մեկ տասնյակից ավել դեպքեր են գրանցվել Ֆլորիդայում՝ Միացյալ Նահանգների հարավ-արևելյան շրջանում:

Վագր մոծակը կարող է տարածել նաև չիկինգունյա՝ սաստիկ ցավ և ջերմություն առաջացնող թուլացնող մի հիվանդություն: Հիվանդությունը տարածվում է նաև աֆրիկյան մոծակի միջոցով, որը նույնպես ընդլայնում է իր տարածման շրջանները:

Քորնելի համալսարանի միջատների մասնագետ, պրոֆեսոր Լորա Հարինգթընի համաձայն, փոփոխությունների է ենթարկվում ոչ միայն մոծակների տարածման շրջանը:

Ըստ Հարինգթընի, փոխվում են նաև վիրուսները, դրանց գենետիկական կառույցը, ինչը հաճախ կարող է առաջացնել առավել վարակայնություն:

«Վիրուսը կարող է տարածվել ինքնաթիռներով և վարակված մարդկանց միջոցով», - ասում է Հարինգթընը:

Տեխասի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ուիվըրի աշխատում է չիկինգունյանի դեմ պատվաստանյութի մշակման վրա: Իր կողմից մշակված պատվաստանյութը չիկինգունյանի վիրուսից հաջողությամբ պաշտպանել է փորձերի ընթացքում օգտագործվող մկներին:

Քորնելի համալսարանի միջատների մասնագետ, պրոֆեսոր Լորա Հարինգթընն աշխատում է արու մոծակներին անպտղաբեր դարձնելու վրա:

Հարինգթընն ասում է, որ ձևափոխված արու մոծակները, որոնք արյան սնունդ չեն ընդունում, կարող են բաց թողնվել, և զուգավորվելուց հետո մոծակները չեն բազմանա, սնվելու համար արյուն չի պահանջվի, և մոծակների թիվը կկրճատվի կամ արդյունքում մոծակները կվերանան:

Երկու գիտնականներն էլ մտահոգված են, որ եթե մոտակա ժամանակներում չիկինգունյան և արևադարձային տենդի տարածումը վերահսկելու եղանակ չհայտնաբերվի, ապա այս երկու հիվանդությունները կտարածվեն Միացյալ Նահանգներում:

Ըստ Հարինգթընի՝ այս հիվանդությունների դեմ պայքարող արդյունավետ միջոցները կարող են պայքարել մոծակների միջոցով տարածվող այլ հիվանդությունների, այդ թվում՝ մալարիայի դեմ:

XS
SM
MD
LG