Մատչելի հղումներ

Խռովություններ Մոսկվայում՝ ուղղված միգրանտների դեմ


Մոսկվայում նախօրեին տեղի ունեցած խռովությունները երեք տարվա մեջ միգրանտների դեմ ուղղված գործողությունների ամենասաստիկ դրսևորումներից են եղել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում խռովարարները կոտրել են խանութների պատուհանները և բախվել ոստիկանության ուժերի հետ:

Ռասիստական կարգախոսներ վանկարկող ցուցարարները Մոսկվայի հարավային Բիրյուլևո թաղամասում ավիրել են այն խանութներն ու այլ ձեռնարկություններ, որտեղ աշխատում են միգրանտներ՝ թաղամասում ազգությամբ ռուս բնակչի սպանությունից հետո, որի մեջ մեղադրվում է ծնունդով Կովսկասից մի անձ:

Թաղամասի մի քանի հարյուր բնակիչ անցկացնում էին խաղաղ ցույց՝ պահանջելով սպանության արդար հետաքննություն: Ցույցի վայր այնուհետև ժամանեցին մի խումբ երիտասարդներ, որոնք սկսեցին կոտրել առևտրի կենտրոնի պատուհանները և կրակի մատնեցին այն:

«Իշխանությունը՝ սպիտակներին» կարգախոսները վանկարկող խռովարարները, ոստիկանության ուժերի ժամանելուց հետո, շշեր են նետել նրանց ուղղությամբ, ինչին ի պատասխան ոստիկանության ծառայողները ցրել են խռովարարներին՝ կիրառելով մահակներ:

Մոսկվայի ոստիկանության համաձայն, խռովությունների հետևանքով վնասվածքներ է ստացել ոստիկանության մի քանի ծառայող, ձերբակալվել է խռովությունների մոտ 380 մասնակից:

Խռովությունների փաստով հարուցվել է քրեական գործ: Դեպի վայր ուղարկվել են ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ, բախումներն ու ձերբակալությունների շարունակվել են մինչև ուշ գիշեր:

Այս խռովությունները երեք տարվա մեջ միգրանտների դեմ ուղղված գործողությունների ամենասաստիկ դրսևորումներից են եղել:

Մոսկվայի Բիրյուլևո թաղամասի բնակիչներից շատերը քննադատել են ոստիկանության կողմից իրականացված ձերբակալությունները՝ պնդելով, որ թաղամասում ոստիկանությունը չափազանց մեղմ է վերաբերվում անօրինական գործողություններ իրականացնող միգրանտներին:

Ռուսաստանի քաղաքներում սլավոնական մեծամասնության և Հյուսիսային և Հարավային Կովկասից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից միգրանտների միջև գնալով ավելի հաճախ դարձող բախումներն առաջացնում են Կրեմլի անհանգստությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առընթեր մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը քննադատել է երկրի իրավապահ մարմիններին՝ միգրանտներին աշխատանքի ընդունող ձեռնարկությունների ուղղությամբ հարձակումները կանխելու գործում պատշաճ ջանքեր չգործադրելու համար:

«Մյուս կողմից, ես ամբողջությամբ հասկանում եմ Մոսկվայի բնակիչների զայրույթը, որոնք տեսնում են, թե ինչպես քաղաքի փողոցներում մարդիկ սպանվում են, իսկ իրավապահները չեմ դիմում որևէ գործողությունների», - ասել է Ֆեդոտովը:
XS
SM
MD
LG