Մատչելի հղումներ

Եգիպտոսում վերսկսվել է Մորսիի դատավարությունը


Երկրի նախկին նախագահի հետ միասին դատարանի առջև կանգնել է ևս 14 մարդ, որոնց մեղադրում են 2012 թվականի դեկտեմբերին նախագահական պալատի մոտակայքում տեղի ունեցած բռնությունները հրահրելու մեջ

Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի դատավարությունը շաբաթ օրը վերսկսվել է երկրի մայրաքաղաք Կահիրեում:

Երկրի նախկին նախագահի հետ միասին դատարանի առջև կանգնել է ևս 14 մարդ, որոնց մեղադրում են 2012 թվականի դեկտեմբերին նախագահական պալատի մոտակայքում տեղի ունեցած բռնությունները հրահրելու մեջ, որոնց ընթացքում Մորսիի կողմնակիցները հարձակում էին իրականացրել նստացույց անցկացնող ցուցարարների ուղղությամբ:

Այս դատավարությունը Մորսիի և «Մահմեդական եղբայրության» բարձրագույն ղեկավարության գործերով անցկացվող դատական չորս գործերից մեկն է: Դատական այս գործերի ընթացքում ներկայացված մեղադրանքներից շատերով մեղավոր ճանաչվելու դեպքում ամբաստանյալներին մահապատիժ է սպառնում:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում հունվարի 28-ին անցկացվել էր դատական նիստ, որի ընթացքում տապալված նախագահ Մոհամեդ Մորսիին ներկայացվել էին 2011 թվականին բանտից փախուստի դիմելու մեղադրանքներ:

Կահիրեում անցկացված դատավարության ընթացքում նախագահ Մորսիի հետ միասին դատարանի առջև կանգնել էր ևս 130 մարդ, որոնց թվում եղել են «Մահմեդական եղբայրության», պաղեստինցիների «Համաս» խմբավորման, ինչպես նաև Լիբանանի «Հեզբոլլահ» խմբավորման անդամներ:
XS
SM
MD
LG